Հայաստանի և Եվրամիության միջև կնքված նոր համաձայնագիրը պատմական հնարավորություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության նախագահ Դիոգո Պինտոն:
Նրա խոսքով՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ոչ միայն առավել ընդլայնված բովանդակություն է առաջարկում, այլև նոր մակարդակի է տեղափոխում երկկողմ հարաբերությունները:
«Հատկանշական է, որ սա իր տեսակով առաջին համաձայնագիրն է, որը Եվրամիությունը ստորագրել է ԵԱՏՄ անդամ պետության հետ: Հայաստանն այսուհետ հնարավորություն կունենա շահել ոչ միայն առևտրային և ներդրումային ավելի լավ պայմաններից, այլև ամենակարևորը՝ Եվրամիության փորձից և աջակցությունից քաղաքական ու հասարակական բարեփոխումների իրականացման հարցում: Այս համաձայնագրով Հայաստանը կդառնա առավել զինված՝ Եվրամիությունը որպես գործընկեր, աջակից և բարոյական կողմնացույց դիտարկելու հարցում և բավականին բարդ տարածաշրջանում կամրապնդի իր դիրքը՝ որպես կայունության և եվրոպական արժեքների խթանման օրինակ»,-ասաց Դիոգո Պինտոն:
Նրա համոզմամբ՝ սա նաև կարևոր քայլ է Եվրամիության համար՝ առաջինը և հիմնականը, քանզի հստակ կերպով ցույց է տալիս Եվրամիության վճռականությունը` դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունը Արևելյան գործընկերության շրջանակում:
«Մյուս կողմից, սա մեծ հաջողություն է Հայաստանի դիվանագիտության համար, քանի որ այն չի ընտրում երկու ինտեգրացիոն նախագծերի միջև, այլ ցուցաբերում է հավասարակշռված մոտեցում բազմակողմ հարաբերություններում»,-եզրափակեց կազմակերպության տնօրենը:











































