Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը բարձրացրել է պակիստանյան տարածքներին ուղղված ամերիկյան անօդաչու սարքերի հարվածների հարցը՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Ես ընդգծել եմ նման հարվածներին վերջ դնելու անհրաժեշտությունը»,- լրագրողներին ասել է Շարիֆը Օբամայի հետ համատեղ մամլո ասուլիսին:
ԱՄՆ նախագահը չի մեկնաբանել այս հայտարարությունը:
Ավելի վաղ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խախտում է միջազգային նորմերը և պարբերաբար սպանում է խաղաղ բնակիչներին՝ Պակիստանի տարածքում հետապնդելով ահաբեկիչներին: Սպիտակ տունն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ոչ մի օրենք չի խախտում և ձգտում է խուսափել խաղաղ բնակչության շրջանում զոհերից:
Չորեքշաբթի ԱՄՆ-ը և Պակիստանը համատեղ հայտարարություն են տարածել, որում ընդգծել են շատ ոլորտներում, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ռազմավարական բնույթը: