ԵՄ-ն նախանշել է իր շարքերում Վրաստանի ինտեգրման պայմանները: Թբիլիսի կատարած այցի ընթացքում Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարներ Կարլ Բիլդտը և Ռադոսլավ Սիկորսկին հասկացնել են տվել, որ, ըստ ամենայնի, նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին Վրաստանը կնախաստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, սակայն փաստաթղթի ստորագրումը հիմնականում կախված է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների գործերով դատական գործընթացների դադարեցումից:
Kommersant-ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայում քննարկում են նրանց ներման կամ խափանման միջոցը փոխելու հարցը հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:
Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարների այցի ընթացքում քաղբանտարկյալների թեման դարձել է կենտրոնական:
Նրանց այցի նախօրեին միջազգային հարցերով Եվրախորհրդարանի կոմիտեն հաստատել է բանաձևի նախագիծ՝ ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին անհապաղ ազատ արձակելու՝ վրացական իշխանություններին ուղղված պահանջով: Եվրապատգամավորների կարծիքով՝ նա հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով, չնայած պաշտոնապես նրան մեղադրում են պաշտոնավարման ընթացում կատարված հանցագործությունների մեջ:
Օդանավակայանից նրանք ուևորվել են Թբիլիսիի հեղինակավոր ռեստորաններից մեկը, որտեղ նրանց սպասում էր Վրաստանի նախագահը: Մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ, ովքեր իշխանության փոխվելուց հետո համաներմամբ ազատ էին արձակվել, աղմկալի ցույց են անցկացրել ռեստորանի պատուհանների մոտ՝ բացականչելով «Սաակաշվիլիի նացիստական ռեժիմի ավարտի» մասին կարգախոսներ:
Բարձրաստիճան եվրոպացի դիվանագետը Kommersant-ին հայտնել է, որ Բրյուսելում հիանալի հասկանում են մարդու իրավունքների խախտումների մասշտաբների տարբերությունը Սաակաշվիլի կառավարման և նոր կառավարության օրոք:
Վարչապետ Իվանիշվիլիի հետ հանդիպման ժամանակ հյուրերն անհանգստություն էին հայտնել Մերաբիշվիլիի ձերբակալության առնչությամբ: «Նրանք ցանկանում են, որպեսզի մենք չշարունակենք նախկին պաշտոնյաների նկատմամբ արդարության վերականգնման գործընթացը»,-համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է Իվանիշվիլին: Նա հավելել է, որ տեղի իրողություններին վատ ծանոթ լինելու պատճառով նրանք փորձել են համոզել իրեն դադարեցնել ձերբակալությունները:
Ի պատասխան՝ Շվեդիայի արտգործնախարարը հայտնել է, որ Եվրոպան ուշադիր կհետևի Վրաստանում իրադարձությունների զարգացմանը, որպեսզի նա չկրկնի Ուկրաինայի սխալները: