«Ես այնքան էլ հակված չեմ այն կարծիքին, որ Էդիկ Գրիգորյանի մահը դավադրության տեսության շրջանակներում էր, և որ կատարվածը լիկվիդացիա էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հոկտեմբերի 27-ի գործով վկաներից մեկի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար 15 տարվա անազատության դատապարտված Արթուր Այվազյանը՝ Մանախը։
Նրա խոսքով՝ կան բազմաթիվ օբյեկտիվ հանգամանքներ, որոնք փաստում են, որ կատարվածը ոչ պատշաճ բուժսպասարկման արդյունքում է եղել։ «Էդիկ Գրիգորյանի մահը ամենաշատը այս իշխանություններին պետք չէր հենց այս ժամանակահատվածում։ Անտրամաբանական կլիներ Էդիկ Գրիգորյանին լիկվիդացիայի ենթարկել այն ժամանակ, երբ այդ անձը հրապարակային հայտարարություն է անում։ Նրան լռեցնելու շատ այլ քաղաքակիրթ մեթոդներ կային։ Իշխանությունը չէր գնա նման քայլի այս ժամանակահատվածում։ Կատարվածը դժբախտ պատահար էր՝ նրա առողջական վիճակով պայմանավորված»,- ասաց Այվազյանը։
Նրա խոսքով՝ Էդիկ Գրիգորյանը մշտապես եղել է իշխանությունների հովանավորության տակ, նրա նկատմամբ մշտապես բուժսպասարկում է եղել, սրտի վիրահատության է ենթարկվել, և բնավ չէր կարող իշխանության վերաբերմունքը միանգամից փոխվել։ «Էդիկ Գրիգորյանը սրտի վիրահատության ենթարկվեց անմիջապես Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հովանավորությամբ, որը քիչ խոսուն փաստ չէ։ Շատ այլ դատապարտյալներ ավելի լուրջ խնդիրներ ունեն։ Վահան Շիրխանյանին անգամ սայլակ չէին տրամադրում, որ գար դատարան, բայց Էդիկ Գրիգորյանը գնաց և քաղաքացիական հիվանդանոցում վիրահատվեց։ Դա ուղղակի հովանավորչության մասին էր խոսում։ Ես կարծում եմ, որ այդ հովանավորությունը նրա համար էր, որպեսզի 27-ի գործով գոնե մեկը մնար առողջ վիճակում, որպեսզի կարողանար հարկ եղած դեպքում պաշտպանել նրանց այն իրավիճակից, որից բոլորը վախենում են, քանի որ Կարեն և Նաիրի Հունանյանները արդեն հոգեկան անառողջ վիճակում են։ Բայց, ինչպես տեսաք, բնությունը իր գործը կատարեց։ Դրա համար էլ խաղաքարտերում հիմա փոփոխություններ կկատարվեն»,- ասաց Մանախը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:



































