Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը հերքել է պնդումները «Զուգահեռ պետություն» ահաբեկչական հոսանքի պարագլուխ Ֆեթուլահ Գյուլենի առևանգում և ԱՄՆ-ից դուրսբերում կազմակերպելու փորձի մասին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի դիվանագիտական առաքելության հայտարարությունում ընդգծվում է, որ Գյուլենը հանցագործ է, ով ծրագրել ու կազմակերպել էր Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը, և Անկարան մտադիր է իրավական ուղիներով հասնել ԱՄՆ-ից նրա արտահանձնման։
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը հերքել է ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությունները.
«Գյուլենը կանգնած է բոլոր հանցագործությունների հետևում, որոնք իրականացվում են նրա հանցավոր շարժման անդամների կողմից, և թուրք ժողովուրդը խիստ անհանգստացած ու զարմացած է այն փաստից, որ նման անձը դեռևս ապաստանում է ԱՄՆ-ում։ Թուրքական կողմը կշարունակի ակտիվ շփումները ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հետ՝ Գյուլենի շարժման հանցավոր էության և նրա արտահանձնում պահանջող պատճառների պարզաբանման նպատակով»,-ասվում է հաղորդագրությունում։











































