Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը երկրի ղեկավարի մակարդակով առաջին այցը Հայաստան համարում է կարևոր ազդակ երկու երկրների քաղաքացիների համար: Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց բարձրաստիճան հյուրը` անդրադառնալով իր երկօրյա պաշտոնական այցին: «Պատմության մեջ Մոլդովայի նախագահի մակարդակով առաջին այցը Հայաստան, կարծում եմ, կարևոր ազդանշան է և Հայաստանի, և Մոլդովայի քաղաքացիների համար»,-ասաց Մոլդովայի ղեկավարը` նշելով, որ հայերը շատ հյուրասեր են:
Նախագահ Դոդոնը վստահություն հայտնեց, որ հայ-մոլդովական բարեկամությունն ու լավ հարաբերությունները շարունակական կլինեն: «14-15-րդ դարերից սկսած`Մոլդովայում կա հայ համայնք, մենք մշտապես ապրել ենք բարեկամության և խաղաղության ներքո: Մեր ժողովուրդների միջև եղել են լավ հարաբերություններ, ես վստահ եմ, որ դրանք կշարունակվեն»,-հավելեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:











































