Վաղը Սահմանադրական դատարանը քննելու է «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը, որը վերաբերում է ՏԻՄ նոր օրենսգրքում հստակություն մտցնելուն։
Անցած տարի՝ հոկտեմբերի 2-ին, Վանաձորում կայացած ընտրություններից հետո ի հայտ եկավ այս հակասությունը։
Հիշեցնենք, որ ընտրություններից հետո Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ և ՀՎԿ խմբակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը, մինչ օրս չեն մասնակցում, սակայն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, չունենալով մեծամասնություն, մինչ օրս ավագանու նիստեր է գումարում՝ պնդելով, որ իրենք անօրինական ոչ մի բան չեն անում, և օրենքը իրենց տալիս է այդ հնարավորությունը։
Եվ իսկապես, ՏԻՄ նոր օրենսգրքում կան որոշակի հակասություններ։ Մի դեպքում օրենքով ասվում է, որ նիստն իրավազոր է, երբ նիստին մասնակցում է ավագանու անդամներից կեսից ավելին, մյուս դեպքում էլ՝ իրավազոր, եթե նիստին ներկայանում են որոշումներ ընդունելու համար բավարար թվով ավագանու անդամներ, և որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ձայների 1/4-ի չափով: Սրա դեպքում էլ խախտվում է մեծամասնության սկզբունքը, և մինչ օրս կայացած նիստերը իրավազոր չէին կարող լինել, քանի որ դրանց մասնակցում էր ՀՀԿ խմբակցության 9 անդամ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանի խոսքերով՝ հակասությունն այնքան ակնհայտ է, որ ՍԴ-ի հիմնական խնդիրը կլինի հարցին լուծում տալը։ «Դիմումը մերժել, շատ հեշտ ու արագ, միշտ էլ կարելի է, բայց երբ այսքան ժամանակ են տվել, այսքան ձգձգվում է դիմումի քննությունը, կարծում եմ, որ այդ ակնհայտ հակասությունը պետք է որ ինչ որ ձևով լուծում ստանա։ Չեմ կարծում, որ հակառակ որոշում կարող է կայացվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարուքյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ է լինելու ՍԴ որոշումից հետո, ապա Մարուքյանն ասաց, որ իրենց պահանջը եղել է այն, որ անվավեր ճանաչվեն մինչ այս կայացած նիստերը, ընդունված որոշումները։ «Եվ եթե այդ ճանապարհով գնանք ու նիստերը, կայացված որոշումները անվավեր ճանաչվեն, ապա պետք է այդ ավագանին ևս անվավեր համարվի ու նոր ընտրություններ նշանակվեն։ «Մենք այս ակնկալիքն ունենք։ Վաղը ամեն բան պարզ կլինի, որից հետո պարզ կդառնան նաև մեր քայլերն ու անելիքները»,- նշեց Մարուքյանը։
Լուսանկարը՝ Photolure-ի











































