Ժիրայր Սեֆիլյանը հարցազրույց է տվել ԳԱԼԱ-ին, որտեղ անդրադարձել է իր կողմից նախաձեռնված Ճակատի նպատակներին` այդ համատեքստում գնահատականներ տալով նաև «Սասնա ծռերի» գործողություններին, դրանց հետևանքներին:
Որոշակի ըմբռնումով և վերապահումով պետք է մոտենալ Սեֆիլյանի գնահատականներին` հաշվի առնելով նրա անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ինչի հետևանքով հարցազրույցի հեղինակը շատ դեպքերում օբյեկտիվորեն կտրված է իրականությունից և զրկված է դրան օպերատիվ և ադեկվատ արձագանքելու հնարավորությունից:
«Իսկ նպատակը մեկն է՝ ազատագրվել գաղութային համակարգից (Armexit) և ստեղծել ազգային-պետական համակարգ»,-Ճակատի գործունեության մասին ասել է Սեֆիլյանը։ Այս կետում արդեն` բավականին լուրջ կոնտրաստ է առաջանում Սեֆիլյանի բանաձևման և «Հանուն Հայաստան պետության» Ճակատի հռչակագրի միջև, որտեղ ապագաղութացումը կամ, ինչպես Ժիրայր Սեֆիլյանն է ասում` Armexit-ը, բնավ էլ առաջնահերթություն չէ:
Ու չէր էլ կարող լինել, որովհետև Ճակատի ձևավորման համար առաջարկվել էր ցուցակ, որտեղ մարդկանց միավորման հիմքում ոչ թե նրանց արտաքին քաղաքական դիրքորոշումները կամ արժեքային կողմնորոշումներն էին, այլ` բոլորի մերժողական վերաբերմունքը գործող իշխանությունների հանդեպ: Ընդդիմադիրների մեխանիկական միավորումը չի կարող բերել նոր իրական այլընտրանքի ձևավորմանը կամ սպասարկել այնպիսի բարդ ու բազմաշերտ գործընթաց, ինչպիսին` ապագաղութացումն է:
Մյուս կողմից` ինչքան էլ նպատակը լուսավոր լինի, այն հասանելի կարող է դառնալ միայն իրատեսական և արդյունավետ քայլերի, մարտավարական ճիշտ ձևակերպումների շնորհիվ:
«Ներկայիս իրականության պայմաններում ժողովրդին ոտքի հանելու և նրա մոբիլիզացիան ապահովելու լիցք, շարժիչ ուժ և միջոց կարող է դառնալ «Սասնա Ծռերի» և բոլոր քաղբանտարկյալների ազատության հարցը»,-հարցազրույցում ասել է Սեֆիլյանը։
Գուցե նրա մոտ առկա է տեղեկատվության պակաս կամ Սեֆիլյանն ունի իր «իրականությունը», որը կոնտրաստի մեջ է գոյություն ունեցող փաստերի և հանգամանքների հետ, սակայն հայաստանյան իրողությունն այն է, որ «ծռերի» հանդեպ բևեռային դիրքորոշոմները ոչ թե մոբիլիզացնում, այլ պառակտում են հասարակությանն, առավելապես` նրա ընդդիմադիր հատվածին: Երբ Ժիրայր Սեֆիլյանը իր պատկերացրած ապագաղութացմանը տալիս է Armexit անվանումը, բնականաբար` բովանդակային և ստրուկտուրալ նմանություն է տեսնում դրա և եվրոպական գործընթացների միջև:
Իհարկե, սա խիստ վիճահարույց և քաղաքական առումով խոցելի, նույնիսկ` անգրագետ մոտեցում է, սակայն եթե անգամ Սեֆիլյանը ճիշտ է, ապա տերմինների ներդաշնակության խորքում Armexit-ը սկզբունքորեն հակադրում է նույն եվրոպական կամ արևմտյան միտումներին, որովհետև մերժում է քաղաքականության լեգալ գործիքները, այդ թվում` ընտրությունները:
«Եթե համեմատենք, թե որ տարբերակն է ձախողվել, ապա վստահաբար կարող ենք պնդել, որ ձախողվել է վարչակազմի վերարտադրության մեխանիզմի վերածված «ընտրության» տարբերակը։ Մինչդեռ համաժողովրդական ընդվզում դեռևս չի եղել։
Ընդվզումը, ի տարբերություն «ընտրության», ուղիղ ժողովրդավարության ձև է, դրա պարագայում անմիջականորեն որոշող սուբյեկտն ապստամբ ժողովուրդն է, որին միայն Աստված կարող է հաղթել»,-ասել է Սեֆիլյանը` ՊՊԾ գնդի անցած տարվա իրադարձությունները համարելով «համաժողովրդական ապստամբության նախակարապետ»։ Եթե «ուղիղ ժողովրդավարության ձև» են համարվում պետական շենքերի գրավումը, կրակոցները, սպանությունները, պատանդառությունը, ապա քաղաքակիրթ աշխարհը շատ վաղուց մերժել է այդ «ուղիղ ժողովրդավարությունը»` դա համարելով ահաբեկչություն:
Ժիրայր Սեֆիլյանն ապագաղութացման պայքարը պատկերացնում է «ծռության» գաղափարա-քաղաքական կոդերով, որոնք ոչ միայն չեն կարող կոնսոլիդացնել մեր հասարակությանը, այլ Մոսկվային ու նրա հայաստանյան սատելիտներին հնարավորություն են տալու պնդել, որ մեր երկրում ռուսական կայսերականությանը հակադրվում է մարգինալ մի խմբակ` ահաբեկչական հետագծով ու ձեռագրով:
Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ «Սասնա ծռերի» գործողությունը «Ժողովրդին նոր հույս և ոգեղենություն ներշնչեց»: Այնպիսի տպավորություն է, թե Սեֆիլյանը տեղյակ չէ, որ ՊՊԾ գնդի իրադարձություններից ընդամենը ամիսներ անց «ոգեղեն» ժողովուրդը «տաս հազար» դրամի շուրջ կոնսենսուսի եկավ իշխանությունների հետ, որովհետև «ծռության» չմտածված բռնկմանը հաջորդել էր հասարակական խորը հուսահատությունն ու ապատիան` չհաղթահարվող «հնազանդությամբ»:
Լուսանկարը՝ Photolure-ի










































