Կարեն Կարապետյանն իր ասուլիսի ընթացքում մի ուշագրավ միտք էր արտահայտել: Նա ասել էր, որ վերջին մեկ տարում Հայաստանում մեծացել է բարեկեցության աճ զգացող քաղաքացիների թիվը: Կարապետյանը վկայակոչել էր սոցիոլոգիական հարցման թվեր: Իհարկե, պարկեշտությունն ու պատշաճությունը հուշում են` նման դեպքերում մատնանշել սոցիոլոգիական հարցումն իրականացրած կազմակերպության անունը, որպեսզի քաղաքացիներն արժանահավատ համարեն ներկայացված թվերը: Հակառակ պարագայում` Կարապետյանի արածը նմանվում է ինքնագովազդի՝ սովորական PR-ի:
Ինչպե՞ս կարող են Հայաստանում քաղաքացիները խոսել բարեկեցության աճի մասին, առհասարակ` ունենալ լավատեսական տրամադրություններ, եթե Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարվա ընթացքում աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն բարձրացվել, ու դատելով հաջորդ տարվա բյուջեի նախագծից` նման մտադրություն կամ հնարավորություն կառավարությունը չունի առնվազն հաջորդ տարվա ընթացքում: Դրան զուգահեռ` առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները, հատկապես վերջին ամիսների ու շաբաթների ընթացքում, աճում են ռեկորդային տեմպերով: Սրան հավելենք նաև այն փաստը, որ մյուս տարի միայն պետական համակարգում 50000-ից ավելի մարդ դառնալու է գործազուրկ: Այս փաստերն ավելի խոսուն են, քան վարչապետի ինքնագոհ պնդումները` հիմնված միայն իրեն հայտնի սոցիոլոգիական հետազոտությունների վրա: Ինչի՞ հաշվին է աճել հասարակության բարեկեցությունը, արդյո՞ք Կարապետյանն ակնարկում է, որ Հայաստանում գոյություն ունեն երկու` ֆորմալ և ստվերային տնտեսություններ:
Սակայն Կարեն Կարապետյանին թիկունքից ամենաուժեղ հարվածը հասցրել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Պաշտոնական տվյալներով՝ Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակի անկման տեմպերն արագացել են: Այսպես․ ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2017 թ․ հոկտեմբերի 1-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 979․6 հազար՝ 14․3 հազարով պակաս նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի համեմատ: Եթե բարեկեցության աճ զգացող քաղաքացիների թիվը մեծացած լիներ, ապա 14000 մարդ Կարապետյանի վարչապետության մեկ տարում չէր լքի երկիրը: Ամիսներ առաջ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն արդարացիորեն նշել էր, որ ժողովրդագրական պատկերը սպառնում է Հայաստանի անվտանգությանը, ու կառավարության գործունեության արդյունավետության գնահատման չափանիշ պետք է համարվեն ոչ թե տնտեսական վիրտուալ ցուցանիշները, այլ` արտագաղթի թվերը: Իհարկե, Ֆարմանյանն այդպես էլ ԱԺ-ում չձևավորեց հրապարակայնորեն խոստացված աշխատանքային խումբը, սակայն կառավարության գործունեության գնահատման նրա առաջարկած գնահատման համակարգը դրա պատճառով չի կորցրել իր հրատապությունը: Եթե առաջնորդվենք Ֆարմանյանի միանգամայն տրամաբանական բանաձևով, ապա նոյեմբերի 2-ի ասուլիսում Կարեն Կարապետյանը հասարակությանը պետք է ոչ թե թվախեղդ աներ, այլ` առնվազն նրանից ներողություն խնդրեր մեկամյա գործունեության ձախողման համար:
Ընդ որում, ԱՎԾ թվերը վկայում են, որ անցած մեկ տարում բնակչության թվաքանակի անկման տեմպերն արագացել են: Իսկ սա նշանակում է` հասարակությունը ոչ միայն բավարարված չէ Կարեն Կարապետյանի ընթացիկ քաղաքականությամբ, այլ նաև բացարձակապես հույսեր չի կապում նրա 2018-ի իշխանական հավակնությունների հետ:










































