Բելգիայի իշխանությունները թույլտվություն են ստացել ձերբակալելու Կատալոնիայի պաշտոնաթող ղեկավար Կարլես Պուչդեմոնին: Բելգիայի դատախազության ներկայացուցչի խոսքերով՝ քննիչը պետք է Պուչդեմոնին կանչի հարցաքննության կամ էլ ոստիկանությանը խնդրի բերման ենթարկել նրան: Հարցաքննությունից հետո դատական քննիչը պետք է 24 ժամվա ընթացքում որոշում կայացնի նրան արտահանձնելու վերաբերյալ՝ գրում է Deutsche Welle-ը:
Պուչդեմոնի և նրա կաբինետի նախկին չորս նախարարների ձերբակալության թույլտվության մասին միջազգային փաստաթուղթը հանձնել է Իսպանիայի Բարձրագույն ազգային դատարանը: Նրանք մեղադրվում են ապստամբություն հրահրելու և բյուջետային միջոցները վատնելու մեջ:
Ուրբաթ օրը Պուչդեմոնը հայտարարել էր, որ պատաստ է իր թեկնածությունը դնել տարածաշրջանային ընտրություններում, բայց քարոզարշավը կիրականացնի երկրից դուրս: Նա նշել է, որ իրեն և իր համախոհներին համարում է Կատալոնիայի լեգիտիմ իշխանություն:










































