ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի նախկին ղեկավար Դոննա Բրազիլը մեղադրել է ԱՄՆ նախագահի նախկին դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին ներկուսակցական կոռուպցիայի մեջ։ Այս մասին նա գրել է Politico պարբերականի՝ հյուրերի մեկնաբանությունների էջում։
Նա նկարագրել է մեխանիզմները, որոնք թույլ են տվել Քլինթոնին կուսակցության գրեթե ողջ ֆինանսավորումն ուղղել իր ընտրարշավի աջակցմանը, ինչպես նաև զրկել փրայմերիզի մյուս դեմոկրատ մասնակիցներին, մասնավորապես Բերնի Սանդերսին, այդ միջոցներից օգտվելու հնարավորությունից։
Հրապարակման մեջ Բրազիլը հայտնել է Ազգային կոմիտեի և «Հիլարիի հաղթանակի հիմնադրամի» միջև համաձայնագրի առկայության մասին։ Ազգային կոմիտեում նվիրատվությունների ու ներդումների հավաքմանն ուղղված գործունեության դիմաց Հիլարին վերահսկողություն էր ստացել կուսակցական ֆինանսների նկատմամբ։
Բացի այդ, Քլինթոնի ընտրական շտաբը ստացել էր բոլոր վերջնական կադրային որոշումներն ընդունելու իրավունքն ու լիովին իրեն ենթարկեցրել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեն՝ նախընտրական մրցապայքարի շրջանում։
Բրազիլի տվյալներով՝ այդ համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի օգոստոսին՝ գրեթե մեկ տարի առաջ Քլինթոնի պաշտոնական առաջադրումից, ինչը կուսակցության մյուս անդամներին չի թողնել իրավահավասար նախընտրական արշավի ոչ մի հնարավորություն։
Կուսակցական ղեկավարության նախկին ղեկավարը նման քաղաքականությունն անվանել է «անբարոյական և կուսակցության ազնվությունն ու բարեխղճությունը վարկաբեկող»։









































