Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման շուրջ ինտրիգը կարծես թե երկրորդ պլան է մղվել: Մեր երկրի համար հույժ կարևոր այդ փաստաթուղթը ստորագրվելու է Հայաստանի համար շատ բարենպաստ ձևակերպումներով, ընդ որում՝ նաև ԼՂ խնդրում:
Եթե անգամ Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի օրը՝ նոյեմբերի 24-ին, փաստաթուղթը չստորագրվի, ձգձգումը պայմանավորված է լինելու բացառապես տեխնիկական խնդիրներով: Քաղաքական խոչընդոտները երկուստեք հաղթահարված են, անգամ իսկ Մոսկվայի վարքագիծը, կարծես թե, այս անգամ խնդիրներ չի հարուցում: Հայաստանը կարողացել է վերականգնել Եվրոպայի վստահությունը և հազվագյուտ երկրորդ հնարավորությունը, կարողացել է նախաստորագրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը 2017-ի մարտին:
Հիմա ինտրիգի առանցքը Արևելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի բովանդակությունն է, ավելի շուտ՝ այն համատեքստը, որ ստեղծվել է դրա շուրջը: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ հռչակագրի վերջնական նախագծում հիշատակում կա միայն ԱլԳ անդամ երկրների տարածքային ամբողջականության մասին, խոսք չկա անգամ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու մասին:
Իհարկե, հայկական դիվանագիտությունը առավելագույնն անում է հռչակագրի ոչ բարենպաստ դրույթները շտկելու ուղղությամբ, նվազագույնը փորձում է հասնել նրան, որ գագաթնաժողովի հռչակագրում գոնե ամրագրվի դրույթ, որով աջակցություն է հայտնվում Մինսկի խմբին: Սա, ի դեպ, գիտակցում են նաև եվրոպական պատասխանատու շրջանակներում, որովհետև Մինսկի խումբը միակ հնարավորությունն է ռուսական ազդեցությունը տարածաշրջանում, ոչ թե Հայաստանում, մեղմելու համար:
Այնուամենայնիվ, չկա որևէ երաշխիք, որ հայկական դիվանագիտության ջանքերը կպսակվեն հաջողությամբ, և այստեղ խնդիրը ամենևին էլ մեր դիվանագիտության որակը կամ կատարված աշխատանքի արդյունավետությունը չէ: Այս պարագայում տեղին չէ խոսել նաև ռուսական «քլունգային» քաղաքականության, միջամտությունների մասին: Վերջին միջազգային սկանդալներից հետո Ադրբեջանը շատ է թուլացել եվրոպական դիվանագիտական արենայում, և հազիվ թե տեղին կլինի գերագնահատել Բաքվի ազդեցությունը:
Այս անգամ պրոբլեմները հենց Եվրոպայում են՝ պայմանավորված Կատալոնիայի անկախության հռչակումով, ինչը հին մայրցամաքում կոնսոլիդացրել է տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցներին: Երբ մեր նախորդ հրապարակումներում պարբերաբար գրում էինք, թե պետք չէ ոգևորվել Կատալոնիայի հանրաքվեով, առավել ևս զուգահեռներ անցկացնել Կատալոնիայի և Արցախի միջև, նկատի ունեինք հենց այս հեռանկարը, այն անբարենպաստ միջազգային ֆոնը, որ կատալոնական հանրաքվեն կարող է ստեղծել ինքնորոշման սկզբունքի համար: Գուցե հայկական կողմի մոտ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագիրը բոյկոտելու գայթակղություն առաջանա, եթե այն շտկելու բոլոր ռեսուրսները սպառվեն: Սակայն դա կլինի ոչ ադեկվատ, քարանձավային մոտեցում:
Նախ՝ հռչակագիրը իմպերատիվ ուժ չունի՝ ի տարբերություն այն համաձայնագրի, որը Հայաստանը պատրաստվում է ստորագրել Եվրամիության հետ: Իսկ շրջանակային համաձայնագրում, որն, ըստ էության, Եվրամիության դիրքորոշումն է արտահայտում, միանգամայն բարենպաստ և ընդունելի ձևակերպումներ են ներառված ԼՂ խնդրի վերաբերյալ՝ Մինսկի խմբի դերակատարության ամրագրումով: Կատալոնական համատեքստը և բրյուսելյան բյուրոկրատիայի ադեկվատության բացակայությունն ըստ ամենայնի թույլ չեն տա, որպեսզի բարենպաստ այդ ձևակերպումները տեղ գտնեն գագաթնաժողովի հռչակագրում: Սակայն սա չպետք է առիթ հանդիսանա, որպեսզի Հայաստանը դուռ շրխկացնի Եվրամիության երեսին, իրեն դուրս դնի Արևելյան գործընկերությունից: Վերջինս այսօր միակ իրական հնարավորությունը, ձևաչափն է, որը թույլ է տալիս դիվերսիֆիկացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, վերականգնել մեր երկրի սուբյեկտությունը:
Հայաստանի դիվանագիտության ընթացիկ խնդիրը ոչ թե հայրենասիրական շոուներ կազմակերպելն է, այլ Եվրամիության երկրներին գոնե համախոհ դարձնելը, եթե ոչ՝ դաշնակից: Մինչև վերջին պահը պետք է ջանքեր գործադրել նոյեմբերի 24-ի գագաթնաժողովի հռչակագրի նախագիծը բարելավելու համար: Սակայն եթե նույնիսկ հռչակագրի ավարտական տեքստում աննպաստ ձևակերպումները մնան, Հայաստանը պետք է միանա փաստաթղթին՝ հատուկ կարծիքով ամրագրելով, որ տարածքային ամբողջականության սկզբունքը Ղարաբաղյան կարգավորմանը չի վերաբերում:
Մասնակցային այս ձևաչափը բխում է ռացիոնալ քաղաքականության տրամաբանությունից: Դեմարշը ինքնամեկուսացման ճանապարհ է, որը Հայաստանին վերջնականապես վերածելու է ռուսական չուլանի:








































