ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել իմ կողմից Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանի վերաբերյալ ՙԱռաջին լրատվական՚ին տրված հարցազրույցների վերաբերյալ:
Մինչև ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանն (այսուհետև Հաղորդագրություն) անդրադառնալը, ՀՀ գլխավոր դատախազին ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունը:
Առաջարկություն: Հանձնարարեք Երեւան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանին (այսուհետª Երևանի դատախազ), որ նա, քրեական գործով նախաքննությունն իրականացրած քննիչ՝ Ն. Մեսրոպյանի (այսուհետ՝ Քննիչ), քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազ Ա. Սիմոնյանի (այսուհետ՝ Դատախազ), Արմեն Հովիկի Բարխուդարյանի (հասցե ք. Երևան, Կոմիտասի պողոտա, 42 շենք, բն. 50) և նրա պաշտպանի հետ միասին, իրավաբանների, լրագրողների ու բոլոր ցանկացողների ներկայությամբ հանդիպեն ինձ հետ և քննարկենք հետևյալ հարցերը.
1. 07.09.2016թ.-ին Արմեն Բարխուդարյանն ինձնից խախտախությամբ 65.000 (վաթսունհինգ հազար) ԱՄՆ դոլար հափշտակել է, թե ոչ:
26.04.2017թ.-ին Քննիչի կայացրած որոշումը քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին (այսուհետª Քննիչի կայացրած որոշում), օրինական է, թե ոչ:
04.06.2017թ.-ին Երևանի դատախազի կողմից կայացրած որոշումըª ՙՀակոբ Ճարոյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի Մաշտոցի բաժանմունքի հետաքննիչ Ս. Աբովյանի 2017 թվականի ապրիլի 20-ի որոշումը վերացնելու պահանջով Հակոբ Ճարոյանի կողմից ներկայացված բողոքը մերժել եւ հաստատել քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը՚ (այսուհետև Երեւանի դատախազի կայացրած որոշում), օրինական է, թե ոչ
Քննարկվող հարցերի շրջանակը կարող են ավելացվել ինձ հետ հանդիպողների կողմից: Ցանկացած հարց ավելացնելու և քննարկելու առաջարկի հետ ես համաձայնվելու եմ:
Նշված հարցերի քննարկման վերջնական արդյունքում, եթե կպարզվի, որ ես հիմնավորում եմ
1. Արմեն Բարխուդարյանի կողմից ինձնից 65.000 (վաթսունհինգ հազար) ԱՄՆ դոլար հափշտակելը,
2. Քննիչի կայացրած որոշման ակնհայտ անհիմն լինելը,
3. Երևանի դատախազի կայացրած որոշման ակնհայտ անհիմն լինելը,
ապա Դուք Երևանի դատախազին ազատում եք աշխատանքից, հակառակ դեպքում՝ ես անմիջապես հրաժարվում եմ փաստաբան լինելու իմ արտոնագրից և ընդունում եմ, որ շանտաժի միջոցով ցանկացել եմ գումար շորթել Արմեն Բարխուդարյանից, հրապարակային ներողություն եմ խնդրում Րաֆֆի Ասլանյանից, նաև հայտարարում եմ, որ Ր. Ասլանյանին զրպարտել և վիրավորել եմ:
Այժմ անդրադառնամ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությանը:
“(…) հարուցվել է քրեական գործ՝ Հ.Ճարոյանի հաղորդմամբ նշված հանգամանքների ստուգման նպատակով ամբողջական քննություն, այդ թվում՝ կողմերի միջև առերեսում կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված” (մեջբերում Հաղորդագրությունից):
Նախ քրեական գործի նախաքննության ընթացքում իմ ցուցմունքների մեջ նշված բոլոր հանգամանքները չեն ստուգվել, որն իրականացվելու դեպքում կպարզվեր Արմեն Բարխուդարյանի կողմից բազմաթիվ հանցավոր արարքներ (խարդախություններ, սուտ մատնություն) կատարելու փաստերը: Իսկ եթե կար անհրաժեշտություն իմ հաղորդումը ստուգել նաև առերեսումների միջոցով, ապա ինչն էր պատճառը, որ Քննիչը, առանց որևէ հիմնավորման, դադարեցրեց իմ և Արմեն Բարխուդարյանի միջև կատարվող առերեսումը և կայացրեց որոշում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:
Պնդում եմ, որ Քննիչը դադարեցրեց իմ և Արմեն Բարխուդարյանի միջ և կատարվող առերեսումը, որովհետեւ առերեսման ընթացքում ես բացահայտում էի Արմեն Բարխուդարյանի կողմից ոչ միայն իմ, այլև այլ անձանց նկատմամբ կատարած հանցավոր արարքները (խարդախությունները):
«Հետագայում, վարույթն իրականացնող քննիչը, գնահատելով քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալները, եզրահանգել է, որ չի հիմնավորվել Արմեն Բարխուդարյանի կողմից Հակոբ Ճարոյանից հափշտակություն կատարելու հանգամանքը, և սպառվել են այդ կապակցությամբ նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, ուստի որոշում է կայացրել քրեական գործով վարույթը կարճելու մասին, (…)» (մեջբերում Հաղորդագրությունից):
Որպես փաստաբան, քրեական գործի նախաքննության ընթացքում, ՀՀ օրենսդրութամբ նախատեսված կարգով, Արմեն Բարխուդարյանի վերաբերյալ ես նույնպես հավաքել եմ տվյալներ, որոնք աստիճանաբար ներկայացնում էի իմ և Արմեն Բարխուդարյանի միջև կատարվող առերեսումների ժամանակ: Այդ նույն փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարտավոր էր հավաքել Քննիչը, որը չի կատարել: Նշված փաստական հանգամանքները ես ներկայացրել եմ Երևանի դատախազին հասցեագրված բողոքի մեջ, սակայն Երևանի դատախազն իր որոշման մեջ նշված փաստերին չի անդրադարձել, որը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ Քննիչիª նյութերով քրեական գործը կարճելու մասին և Երեւանի դատախազի կայացրած որոշումներն ակնհայտ անհիմն են, իսկ Հաղորդագրությունից կատարված մեջբերումից էլ հետևում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստում է:
“(…) Հ.Ճարոյանը, տիրապետելով Երևան քաղաքի դատախազի որոշումը բողոքարկելու օրենսդրական կարգավորմանը, դիմել է նաև իր պատկերացմամբ ՙարտաօրենսդրական՚ միջոցների՝ դատավարական փաստերը խեղաթյուրելու և Երևան քաղաքի դատախազին հրապարակային հայտարարություններով վարկաբեկելու փորձ կատարելու եղանակով իր ենթադրյալ գումարային հարցերի լուծմանը, թեև, իր պնդմամբ, լինելով ՙփորձառու՚ փաստաբան պետք է քաջատեղյակ լիներ, որ քրեական վարույթի ընթացքում միայն իր և իրենից ստացված տվյալներից, կնոջ ու եղբոր կողմից հայտնած տեղեկությունները, որոնք չեն հաստատվել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ստուգմամբ, երբևէ չեն կարող դիտարկվել որպես իրավական պետությունում սահմանված ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստական տվյալների համակցություն՝ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: (…)” (մեջբերում Հաղորդագրությունից)։
Երևանի դատախազի կայացրած որոշումը 13.06.2017թ.-ին բողոքարկվել է իմ կողմից, տեղի է ունեցել 2 դատական նիստ, առաջին դատական նիստը հետաձգվել է Դատախազիª նիստից առանց նախագահող դատավորի թույլտվության հեռանալու, իսկ երկրորդըª Արմեն Բարխուդարյանի պաշտպանի միջնորդության պատճառով, ով ցանկանում էր ծանոթանալ և պատճենահանել քրեական գործի նյութերը:
Մեջբերման մեջ նշված մյուս փաստերը խեղաթյուրված են ոչ թե իմ, այլ ՀՀ գլխավոր դատախազության կողմից:
Պնդում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը չի կարող ներկայացնել իմ կողմից որևէ դատավարական փաստ խեղաթյուրելու օրինակ:
Եթե իմ հրապարակային հայտարարություններով ես վարկաբեկել եմ Երևանի դատախազ Րաֆֆի Ասլանյանին, ապա Երևանի դատախազն իրեն վարկաբեկելու համար ինչու չի դիմում դատարանª ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ (Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները) հոդվածով նախատեսված պահանջներով, որի դեպքում, եթե կապացուցվի, որ ես Երևանի դատախազին հրապարակային վիրավորել եմ, ապա նա կարող է ինձնից պահանջել մինչև 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ, կամ` ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն (ՀՀ ՀՔԾ) իմ նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ (Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը) հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու խնդրանքով, որի դեպքում, եթե կա¬պացուցվի, որ ես Երևանի դատախազին զրպարտել եմ, ապա ես քրեական պատասխանատվության կենթարկվեն և կդատապարտվեմ մինչև 4 (չորս տարի) ժամկետով ազատազրկմամբ:
Պնդում եմ, որ Երևանի դատախազը նշված քայլերին չի դիմում, որովհետև գիտակցում է, որ ես կապացուցեմ իր վերաբերյալ իմ կատարած բոլոր պնդումները:
Ես գիտեմ, որ Արմեն Հովիկի Բարխուդարյանը “բոմժ» է չունի որեւէ ֆինանսական միջոց, իմ նպատակն է հասնել նրան, որ Արմեն Բարխուդարյանը քրեական պատասխանատվության ենթարկվի և անազատության մեջ հայտնվի իր կատարած հանցավոր արարքների համար:
Գուցե ՀՀ գլխավոր դատախազությունից պարզաբանեն, թե ՙարտաօրենսդրական՚ միջոցների հրապարակային հայտարարությունների միջոցով Երևանի դատախազին վարկաբեկելու փորձ կատարելու եղանակով ինչպես եմ լուծելու իմ գումարային հարցերը:
Հաղորդագրություն կազմողը, փորձառու բառը չակերտների մեջ դնելու փոխարեն, ճիշտ կանի, որ մի քանի անգամ ուշադրությամբ լսի իմ և լրագրողի միջեւ տեղի ունեցած հարցազրույցըª փորձի հասկանալ իմ արտահայտած մտքերի իմաստը, որի դեպքում փորձառու բառը չակերտների մեջ չէր գրի, իսկ եթե չհասկանա, ապա կարող է դիմել ինձª ես ավելի մատչելի իրեն կներկայացնեմ հարցազրույցում իմ արտահայտած մտքերը:
Եթե քրեական գործի նախաքննությունն իրականացվեր լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի, ապա ՀՀ ՀՔԾ-ն ընթացք կտար իմ Քննիչի և Երևանի դատախազի վերաբերյալ հաղորդումներին, կհիմնավորեր նրանց կայացրած որոշումների օրինականությունը, որից հետո ինձ մեղադրանք կառաջադրեր նշված անձանց նկատմամբ սուտ մատնություն կատարելու և զրպարտելու մեղադրանքներով, կամ կհիմնավորեր իմ հաղորդումների օրինականությունը և մեղադրանք կառաջադրեր Քննիչին և Երեւանի դատախազին:
“Ինչ վերաբերում է Երևան քաղաքի դատախազի օրինական գործունեությանը հանցագործության հատկանիշներ վերագրելու Հ.Ճարոյանի չհիմնավորված ձգտմանը, ապա դրա՝ վերն հիշատակված նպատակը յուրաքանչյուրին հասկանալի է, դրա կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից բազմիցս տրվել են պատշաճ իրավական պարզաբանումներ» (մեջբերում Հաղորդագրությունից)։
Եթե Երևանի դատախազի կայացրած որոշումն օրինական է և հանցագործության հատկանիշներ չի պարունակում, իսկ իմ նպատակն է դատավարական փաստերը խեղաթյուրելու և Երևանի դատախազին հրապարակային հայտարարություններով վարկաբեկելու փորձ կատարելու եղանակով հասնել իմ ենթադրյալ գումարային հարցերի լուծմանը, ապա առաջանում է հետևյալ հարցադրումը. ՀՀ գլխավոր դատախազը և/կամ Երևանի դատախազը, ստանալով իրենց հասցեարգված գրությունները և/կամ լսելով ՙԱռաջին լրատվական՚-ին տված իմ հարցազրույցը և/կամ ստանալով իմ ՀՀ ՀՔԾ պետին հասցեագրված հաղորդումներըª Քննիչի և Երևանի դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մասին, ինչու իրենք ևս չեն դիմում ՀՀ ՀՔԾ պետին և պահանջում, որ իմ հաղորդումների հիման վրա հարուցվի քրեական գործ, ապացուցվի Քննիչի և Երևանի դատախազի կայացրած որոշումների օրինականությունը, որից հետո ինձ մեղադրանք առաջադրվի Քննիչի և Երևանի դատախազի նկատմամբ սուտ մատնություն կատարելու և զրպարտելու մեղադրանքներով:
Պնդում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազը և/կամ Երևանի դատախազը նշված քայլին չեն դիմում, իսկ ՀՀ ՀՔԾ-ն իմ հաղորդումների հիման վրա քրեական գործ չի հարուցում որովհետև գիտակցում են, որ ես կապացուցեմ իմ կատարած բոլոր պնդումները:











































