Հայաստանն ի տարբերություն իր երկու հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի որևէ ժողովրդի իրեն թշնամի չի համարում։ Այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող «Տարածաշրջանային խաղաղություն․ իրողություններ և հեռանկարներ» միջազգային համաժողովի ժամանակ։ Նա նշեց, որ հայերը ոչ հակաթուրք են, ոչ էլ հակաադրբեջանցի, այլ հայաստանակենտրոն են, քրիստոնեակենտրոն ու խաղաղակենտրոն։ «Հայաստանի Հանրապետությունը մշտապես կողմ է եղել ու կողմ է խաղաղ գոյակցության։ Մի դեպքում դա ստացվում է մեր հարգելի ու սիրելի հարևանների հետ, ինչպիսին են Վրաստանն ու Իրանը, մյուս դեպքում՝ դժբախտաբար Ադրբեջանի ու Թուրքիայի պարագայում չի ստացվում»,-ասաց ԱԺ փոխնախագահը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային խաղաղության և կրոնական համերաշխության խնդիրները ներկայում ոչ միայն կարևոր են, այլև շատ արդիական։ «Առանց խաղաղության չկա կյանք, առանց խաղաղության ձգտման չկա զարգացում, առանց կրոնական համերաշխության չկա առհասարակ մարդկություն»,-ավելացրեց Էդուարդ Շարմազանովը։
Նա վստահեցրեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդական դիվանագիտության բոլոր այն ջանքերը, որոնք միտված են կրոնական համերաշխությանն ու խաղաղության ամրապնդմանը թե մեր տարածաշրջանում, թե ողջ աշխարհում։ «Մի ժողովուրդ, որ վերապրել է ցեղասպանություն, վերապրել է Սումգայիթի ու Բաքվի ջարդեր, մի ժողովուրդ, որը հաղթանակել է Ադրբեջանի ահաբեկչական ագրեսիան Արցախյան թե առաջին պատերազմի, թե քառօրյա պատերազմի ժամանակ, շատ լավ գիտի խաղաղության գինը։ Մենք ատում ենք պատերազմը, բայց, դժբախտաբար, ոչ միշտ է ստացվում խաղաղ գոյակցումը»,-նշեց քաղաքական գործիչը։
Միջազգային համաժողովը կազմակերպել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը։ Մասնակցում են խոսնակներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից։
Լուսանկարը՝ Photolure-ի










































