Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին Քիրքուքից քրդական աշխարհազորի դուրսբերումն ու քաղաքի հանձնումը դաշնային կառավարության ուժերին անվանել է «մեծ դավաճանություն» և «թիկունքային հարված»։ Նա նման հայտարարությամբ է հանդես եկել տարածաշրջանում անկախության հանրաքվեի անցկացումից հետո իր առաջին հեռուստաուղերձում, հայտնում է Rudaw-ն։
«Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Քիրքուքում, թիկունքային հարված է։ Դավաճանության պատճառով քաղաքի պաշտպանության մեր պլանը խափանվել է»,-ընդգծել է Բարզանին։
Քուրդ առաջնորդի խոսքով՝ իր համար անակնկալ է դարձել նաև այն փաստը, որ նրանք, ում ԱՄՆ-ում համարում են ահաբեկիչ, կիրառել են «Աբրամս» տանկեր և ԱՄՆ-ում արտադրված զենք՝ Քիրքուքի և քրդական շրջանների վրա հարձակման համար։ Նա հավելել է, որ այժմ քուրդ ժողովրդին հետաքրքրում է հարցը, թե Բաղդադի պլանների մասին իմացե՞լ են Վաշինգտոնում և ինչու չեն կանխել հարձակումը։









































