1999թ.-ի ոճրագործության հերթական տարելիցի օրն անշուշտ տեսակետների ու վարկածների պակաս չի լինելու: Սա բնական է, որովհետև Հոկտեմբերի 27-ը՝ ինչքան էլ ակնհայտ են դրա ներքին ու արտաքին շահառուները, բազմաշերտ հանցագործություն է և կարող է դիտարկվել բազմաթիվ գործոնների համակցությամբ, տարբեր մոտիվների լույսի ներքո: Մյուս կողմից՝ ուղղորդված և կիսատ, ընդհատված և խոտան քննությունն իրավական հարթության վրա չի տվել գրեթե ոչ մի հարցի պատասխան, և մեր հասարակությունն այդ առումով տեղեկացված է այնքան, ինչքան ոճրագործության հաջորդ օրը:
Սակայն, մեծ հաշվով, ակնհայտ են Հոկտեմբերի 27-ի հիմնական թիրախները: Տասնութ տարի առաջ, ըստ էության, գնդակահարվեց Երրորդ հանրապետությունը՝ ինստիտուցիոնալ, բովանդակային հարթության վրա: Արդեն տասնութ տարի մենք ապրում ենք ոչ պետական ռեժիմում՝ ամեն օր, ամեն տարի ավելի օտարվելով 88-ի արժեքներից, Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակից: Հոկտեմբերի 27-ին ոչ միայն սպանվեցին հասարակության վստահությունը վայելող առաջնորդները, այլ նաև մեր հասարակությունից խլվեց իշխանություն ունենալու, ձևավորելու իրավունքը, որովհետև պետական կառավարմանը փոխարինելու եկավ ագահ քրեաօլիգարխիան, որի կենսունակության հիմքը ոչ թե հասարակության վստահությունն ու քվեն են, այլ կոռուպցիան և թալանը:
Հոկտեմբերի 27-ը տվեց Հայաստանի տոտալ ռուսականացման, գաղութացման մեկնարկը, որն այսօր հանգեցրել է Հայաստանի սուբյեկտության փաստացի վերացմանը: Հայաստանը հայտնվել է ռուսական ծայրագավառի կարգավիճակում՝ քաղաքակրթության լուսանցքում մսխելով իր զարգացման ռեսուրսը:
Հոկտեմբերի 27-ի ամենամեծ հարվածը, սակայն, այն էր, որ կասկածի տակ դրվեց Հայաստանի զարգացման հեռանկարը, պոտենցիալը: Պատահական չէ, որ այսօր հասել ենք նվաստացման, ամոթի այն հանգրվանին, որ Հայաստանի իշխանության մակարդակում հնչում են տեսակետներ, թե Հայաստանի եվրասիականացմանը կամ, որ նույնն է՝ գաղութացմանը, այլընտրանք չկա:
Հոկտեմբերի 27-ը Ռոբերտ Քոչարյանի իշխանության և ռուսական կայսրության ցինիկ մարտահրավերն էր Երրորդ հանրապետությանը: Հոկտեմբերի 27-ը Հայաստանի նոր գաղութացման, օլիգարխացման ու քրեականացման խորհրդանիշն է:
Հոկտեմբերի 27-ը խորհուրդ ունի մեր հասարակության համար: Վազգեն Սարգսյանը միանգամայն այլ տեսլական, պետական ու ազգային երազանքներ ուներ 21-րդ դարի հետ կապված: Մեր մեկ այլ ազգային հերոս՝ Մովսես Գորգիսյանն ասում էր, որ սուգը հավերժ է, երբ չկա պայքար: Հայաստանի ժողովուրդը պետք է տոկա ու հաղթի: Մենք պարտավոր ենք հաղթել ռուսական կայսրությանն ու քրեաօլիգարխիային: Հանուն պետություն ունենալու իրավունքի, հանուն Եռաբլուրի և մեր հաղթանակի: 21-րդ դարն իրապես մերն է լինելու, և ոչ մի կայսրություն, ոչ մի քրեաօլիգարխիա չի կարող կասեցնել քաղաքակրթական մեր երթը:
Հայաստանը պարտավոր է հաղթել, Հայաստանն իրավունք ունի վայելելու ազատության արշալույսի բերկրանքը:







































