Վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին ընդունել է «Ռոթարի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք Երևան են ժամանել մասնակցելու Հայաստանում «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի գործունեության 25-ամյակին նվիրված տարածաշրջանում կազմակերպվող առաջին համաժողովին:
Կարեն Կարապետյանը կարևորել է «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի բարեգործական գործունեությունը, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը Հայաստանն ուշադրության կենտրոնում պահելու համար և մաղթել հետագա արդյունավետ գործունեություն: Աշխարհում գործում է ավելի քան 30 հազար Ռոթարի ակումբ, 1 մլն 200 հազար անդամներով, որոնք միավորված են «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի միջազգային կազմակերպության մեջ:
Ռոթարին իրականացրել է 4 միլիարդ դոլարից ավելի արժողությամբ բարեգործական ծրագրեր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 3 մլն դոլարի ծրագրեր Հայաստանում: «Ռոթարի Ինթերնեյշնլում» հավաստիացնում են, որ իրենք ոչ կրոնական և ոչ քաղաքական բարեգործական կազմակերպություն են, որը միավորում է մարդկանց` անկախ ազգային և կրոնական պատկանելիությունից: Սակայն հնչում են քննադատություններ, որ «Ռոթարի Ինթերնեյշնլն» իրականում հարթակ է` մասոնական կազմակերպությունների համար մարդկանց հավաքագրելու նպատակով:
Մասնավորապես, Ռուսական ուղղափառ եկեղեցու ճանաչված միսիոներ Անդրեյ Կուրաևը իր բլոգում «ռոթարականներին» դասում է մասոնների շարքին: Իհարկե, «Ռոթարի Ինթերնեյշնլում» հերքում են այս գնահատականները` մասնավորապես նշելով իրենց կազմակերպության գործունեության և կառուցվածքի մի շարք առանձնահատկություններ:

Ռոթարական շարժման ղեկավարները պնդում են, որ, ի տարբերություն մասոնների, իրենք, այսպես կոչված, բաց անդամակցության կողմնակիցներ են, այսինքն` կազմակերպության դռները բաց են բոլոր ցանկացողների առջև: Նույնը վերաբերում է նաև «ռոթարականների» հավաքներին, որոնք դռնփակ չեն, ինչպես դրանք ընդունված են մասոնների մոտ: Կանայք նույնպես կարող են դառնալ ռոթարական ակումբների անդամներ, մի բան, որ ընդունված չէ, այսպես կոչված, դասական մասոնական կազմակերպություններում: Սակայն տարբերակիչ այս հանգամանքներն ամենևին չեն հերքում ռոթարականության պատկանելիությունը մասոնական շարժմանը` հատկապես, որ «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի ինստիտուցիոնալ աստիճանակարգը, ռիտուալները և կարգախոսներն ամբողջովին մասոնական են իրենց ծագմամբ:
Service above self կամ «Ծառայությունն` ամեն ինչից վեր»` սա է ռոթարականների կարգախոսը, որը տիպիկ մասոնական է: Չենք տրվելու մասոնականության մասին մեզանում տարածված երկու ծայրահեղ մոտեցումներին, որոնցից մեկը հատուկ ընդգծում է նրա միսիոներական առաքելությունը, մյուսը շարժումը կապում է տարբեր դավադրությունների հետ:
Մեզ հետաքրքրում է ավելի պրակտիկ հարց, որը վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին կամ, այսպես կոչված, 2018-ի խնդրին: Արդյո՞ք Կարեն Կարապետյանը կանխավ իմացել է, որ հանդիպում է մասոնական կազմակերպության հետ և տեղ ունե՞ն նմանատիպ կազմակերպությունները գործող վարչապետի քաղաքական ծրագրերում: Այս հարցերի պատասխանները կարևոր են ոչ միայն Կարապետյանի ռեսուրսները գնահատելու, այլ առաջին հերթին նրա արժեհամարգը, համաշխարային գործընթացների և խաղացողների մասին նրա պատկերացումները բացահայտելու տեսանկյունից:









































