Ճապոնիայի կառավարությունը Տոկիոյի արևմտյան հատվածի բնակիչներին կվճարի փոխհատուցում՝ ԱՄՆ «Յոկոտա» ավիաբազայի աղմուկի համար։ Տոկիոյի շրջանային դատարանի որոշմամբ՝ տուժած է ճանաչվել մոտ 1000 մարդ, որոնք կստանան 5.5 միլիոն դոլարի փոխհատուցում, հայտնում է Kyodo News-ը։
Ավիաբազայում գտնվում է մոտ 4000 ամերիկացի զինվորական, տեղի օդանավակայանն ընդունում է մարտական ինքնաթիռներ, այդ թվում նաև տրանսպորտային, ինչպես նաև ուղղաթիռներ։
Իրենց հայցում Տոկիոյի բնակիչները պահանջել էին արգելել թռիչքները ժամը 19.00-07.00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն դատարանը մերժել է նրանց տվյալ պահանջը։
Ընդգծվում է, որ ավելի վաղ համանման որոշում է ընդունել Օկինավայի շրջանային դատարանը՝ կապված ամերիկյան «Ֆուտեմա» ռազմաբազայի գործունեության հետ։ Դատարանը վճռել էր, որ 22.000 տեղաբնակները պետք է ստանան 268 միլիոն դոլար։












































