Այսօր ավարտվել է նոյեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության առաջադրումների ժամկետը: Ըստ էության` վերացել է նաև այդ ընտրությունների հետ կապված միակ ինտրիգը` Հովիկ Աբրահամյանի ընտանիքն Արտաշատի ընտրություններում թեկնածու չի առաջադրել:
Խնդիրը շատ ավելի գլոբալ հարթության վրա է, քան պրովինցիալ մի քաղաքի իշխանությունը, որը տվյալ պարագայում` ընդամենը Հովիկ Աբրահամյանի «կայսրության» խորհրդանշական կենտրոնն էր: Հայաստանի քրեաօլիգարխիան ունի յուրահատուկ կառուցվածք, երբ պաշտոնյայի, գործարարի քաղաքական, տնտեսական ակտիվներին կցված է կոնկրետ տարածք` փոքր հայրենիք, բնակավայր կամ բիզնես արեալ, որը «սեփականության» իրավունքով պատկանում է համակարգի առանցքային դեմքին` որպես նրա ազդեցության խորհրդանիշ: Արտաշատը հենց այս առումով էր կարևոր Աբրահամյանների ընտանիքի համար` հոգեբանական, «տիտղոսային» հարթության վրա: Քանի Արտաշատը հանձնված չէր, քանի կլանի «մայրաքաղաքը» դիմադրում էր, Հովիկ Աբրահամյանն իրեն «ընտրյալ» էր համարում, իրեն պատկերացնում էր ժամանակավորապես վտարված Նապոլեոնի կարգավիճակում է և, հավանաբար, մտածում էր անգամ «կայսրությունն» ու երբեմնի փառքը վերադարձնելու մասին:
Արտաշատի ընտրությունները նույնիսկ վեց ամիս հետաձգվեցին, թվում էր` Սերժ Սարգսյանն էլ է մտածում կոմպրոմիսների, Արգամիչի «դարձն» ինչ-որ կարգավիճակով կազմակերպելու մասին: Սակայն պարզվեց` իշխանությանն այս ամիսներն անհրաժեշտ էին, որպեսզի Արարատի մարզում «զորահավաք» անցկացնի` Աբրահամյանների «քաղաք-ամրոցը» գրոհելու համար:
Ճակատամարտը տեղի չունեցավ, որովհետև Հովիկ Աբրահամյանը նրբանկատորեն պարզեց «սպիտակ դրոշակը»:
Այսօր Հովիկ Աբրահամյանը հանձնվեց վերջնականապես` վերջին մեկ տարում, հատկապես վերջին ամիսներին հասկանալով, որ այս երկրում դաշնակիցներ չունի, շուրջբոլորը մարդիկ են, ովքեր իրենց մեծ ու փոքր իշխանությունն են կայացնում երբեմնի «կայսրության» փլատակների վրա:
Հովիկ Աբրահամյանը քրեաօլիգարխիայի սիմվոլն էր, բայց համակարգի այդ ողնաշարն իր պատրոնի հետ «թոշակի» չգնաց, սակայն իր շարքերից ֆիլտրեց Արգամիչին` վճարելով միայն նրա վաճառված բիզնեսների համար: Անգամ խնամի Գագիկ Ծառուկյանը նախընտրեց խաղաղությամբ ապրել` գերադասելով Աբրահամյանի ռևանշիզմի «ամրոցի» խորտակումը:
Հայաստանի քաղաքականության, ավելի շուտ` քրեաօլիգարխիկ համակարգի պատմության մեջ պաշտոնապես ավարտվեց Հովիկ Աբրահամյանի էպոխան, որը կուլիսային քաղաքականության և ինտրիգների, կեղտոտ փողերի ու դրանց հենքով ձևավորված մեծ հավակնությունների մի շրջան էր, որում հաջողության գլխավոր գրավականը գավառական շուստրիությունն էր:









































