Երբ անցած օրերին Հայաստանի խորհրդարանում քննարկվում էր ԵՏՄ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, «Ելքին» ուղղված իշխանության հակափաստարկներն այնքան թույլ և խղճուկ էին, որ Արտաշես Գեղամյանը հարկադրված էր ազատություն տալ իր բռունցքներին` ընդդիմախոսներին լռեցնելու հուսահատ փորձով:
Ցանկացած ավտորիտար իշխանություն թույլ և անօգնական է բանավեճերի հարթակում և դառնում է պերճախոս, երբ բանը հասնում է մենախոսությանը, օտարին քծնելուն: Ո՞վ էր խանգարում, որ խորհրդարանական թեժ քննարկումների օրերին վարչապետ Կարեն Կարապետյանը գնար ԱԺ և հայտարարեր, որ Հայաստանն ունի ապրանքաշրջանառության բարձր աճ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, խոսեր ներմուծման և արտահանման աճի մասին: Ոչ ոք` իհարկե, մանավանդ, որ Կարեն Կարապետյանը ունի նման համոզմունք ու այդ մասին այսօր հայտարարել է Երևանում մեկնարկած «Հայաստանը և Ռուսաստանը. գործընկերության բոլոր եզրերը» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներում:
Ամբողջ խնդիրն այն է, որ այդ համաժողովներում նման բան ասելու համար Կարապետյանին ծափահարում են, իսկ Հայաստանի խորհրդարանի մեկ տասնյակ պատգամավորներ կհիմնավորեին, որ վարչապետի գեղեցիկ խոսքերն ընդամենը կենաց են՝ զուրկ տնտեսական հիմնավորումներից: Անգամ վիճվարչության հազար անգամ «խմբագրված» թվերը հակասության մեջ են Կարեն Կարապետյանի պնդման հետ:
Ավելի պերճախոս է նույն համաժողովներին Սերժ Սարգսյանի հասցեագրած ուղերձը: Օրինակ՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին Սերժ Սարգսյանը ասել է. «Մենք միասին իրականացնում ենք մասշտաբային նախագծեր առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և երկկողմ փոխգործակցության այլ ոլորտներում»: Դարձյալ բացակայում է ընդդիմախոսը, այլապես Սարգսյանից կպահանջեր ներկայացնել հայ-ռուսական ոչ թե մասշտաբային, այլ գոնե լոկալ մի նախագիծ, որը զարգացման ռեսուրս ունի:
Կամ նույն ուղերձի մեկ այլ հատվածում Սերժ Սարգսյանը գովերգում է ԵՏՄ-ն. «Եվրասիական տնտեսական միությունը բազմապատկել է մեր երկրների ստեղծարար ներուժը, վերացրել է շատ խոչընդոտներ փոխշահավետ տնտեսական համագործակցության ճանապարհին: Մեր ինտեգրացիոն միավորման հիմնական խնդիրը նրանում է, որ ողջ նախաձեռնածն ու առաջիկա ծրագրերն իրականացնելը հանգեցնի կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանը, լինի շոշափելի յուրաքանչյուր քաղաքացու և տարածաշրջանի համար»: Ապշել կարելի է, որ Հայաստանի նախագահը տիրապետում է ԵՏՄ-ն դրական բնութագրող այսպիսի փաստարկների, սակայն հարազատ կուսակցությանը հրահանգել էր վիժեցնել ԵՏՄ-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը:
Սակայն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի պերճախոս նախադասությունները նույնպես հիմնավորված չեն գործնականում, որովհետև բացվող օրվա հետ թանկացումների իրականության դառը պտուղները ճաշակող և չքավորության մեջ խարխափող հասարակությունն իր մաշկի վրա զգում է եվրասիականության հետևանքները՝ նույնիսկ առանց իրական կամ հնարովի թվերի:
ԵՏՄ-ին վերաբերող «Ելքի» նախաձեռնությունը Հայաստանի իշխանության համար գոնե առիթ էր վերականգնելու սեփական սուբյեկտությունը Ռուսաստանի իշխանության հետ հարաբերություններում: Բայց ունեցանք հակառակ պատկերը՝ հիմա մերոնք ավելի շատ են քծնում Մոսկվային, որպեսզի հանկարծ այնտեղ չկարծեն, թե «Ելքի» նախաձեռնության մեջ խառն է իշխանության «մատը»:
Իրավիճակին լրացուցիչ ինտրիգ է հաղորդում 2018-ի իշխանության հարցը, և Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը կարծես մրցում են, թե իրենցից ով կարող է ավելի շատ քծնել Մոսկվային: 2018-ը կորցնում է իր պետական նշանակությունը՝ վերածվելով ռուսական կենացների նվաստացուցիչ մրցույթի:









































