Ոստիկանի մարմնին ամրացված տեսախցիկը նկարահանել է Լաս Վեգասում համերգի ժամանակ հրաձգության սկզբի պահը, որի հետևանքով 58 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:
Երեքրոպեանոց տեսանյութը հրապարակել է Լաս Վեգասի ոստիկանությունը:
Կադրերում երևում է առաջին կրակոցներից հետո տեղի ունեցողը: Իրավապահները որոշ ժամանակ չեն կարողացել պարզել՝ որտեղից է հրաձգությունն իրականացվում: Հրաձգության սկսվելուց անմիջապես հետո ներկաների մեջ խուճապ է առաջացել, ոստիկաններն օգնել են մարդկանց տարհանելու գործում:
Լաս Վեգասի ոստիկանության շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն նշել է, որ կա ոստիկանական տեսախցիկների 67 տեսագրություն:
Լաս Վեգասի Mandalay Bay հյուրանոցի առջևի տարածքում տեղի ունեցածն ԱՄՆ-ի պատմության խոշորագույն զանգվածային սպանդն է: Ոստիկանության տվյալներով՝ 64-ամյա ամերիկացի թոշակառու Սթիվեն Փեդոքը 32-րդ հարկում գտնվող հյուրանոցի իր համարի պատուհանից կրակ արձակելով հյուրանոցի առջև ընթացող համերգի ներկաների վրա՝ սպանել է 59 և վիրավորել 500-ից ավելի մարդու: Նախքան ոստիկանության դեպքի վայր հասնելը՝ նա ինքնասպան է եղել:









































