Իրաքյան Քրդստանը պաշտոնական բողոք է ուղարկել Քաղավիացիայի միջազգային կազմակերպություն՝ քրդական ինքնավարության հետ օդային հաղորդակցության վրա իրաքյան կառավարության կողմից արգելքի սահմանումից հետո։ Այս մասին հայտարարել է Իրաքի նախկին արտգործնախարար, հանրաքվեի հարցերով Բարձրագույն խորհրդի անդամ Հոշիյար Զիբարին։ Այս մասին հայտնում է «Շաֆաք նյուզը»։
Զիբարիի խոսքով՝ նման սահմանափակումները խոչընդոտում են ժամանակավոր տեղահանված անձանց համար մարդասիրական օգնության մատակարարմանը։
Հիշեցնենք, որ քրդական ինքնավարության հետ միջազգային ավիահաղորդակցության դադարեցման մասին իրաքյան իշխանությունների հրամանն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 27-ին։ Ավիաէմբարգոն պատասխան միջոցառում է դարձել Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքների օդանավակայանները դաշնային մարմինների վերահսկողությանը փոխանցելուց քրդական ղեկավարության հրաժարվելուն։









































