Իսրայելցի զինվորականների կողմից Գոլանի բարձունքի մերձակայքում սպանված սիրիացի ցուցարարների թիվը հասել է 20-ի: Այս մասին հաղորդում է BBC հեռուստաալիքը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը:
Ըստ նույն աղբյուրի՝ վիրավորվել է 325 մարդ: Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle հեռուստաալիքը, իսրայելցի զինվորականները, նախքան կրակ բացելը, զգուշացրել են Սիրիայի կողմից Իսրայելի տարածք ներխուժողներին, որ սահմանը հատողների ուղղությամբ կրակ է բացվելու:
Հիշեցնենք, որ օրեր առաջ արաբ մի խումբ երիտասարդներ հայտարարել էին, որ 1967 թ. պատերազմի սկզբի հերթական տարելիցի օրը իրենք պատարստվում են հավաքվել իսրայելա-սիրիական սահմանի մերձակայքում՝ այդ պատերազմի ժամանակ Իսրայելի կողմից Սիրիայից գրավված Գոլանի բարձունքների մոտ: Կոչը տարածվել էր ինտերնետով: Կիրակի առավոտյան այդ ցույցի ժամանակ արաբ երիտասարդները, որոնց մեջ մեծամասնություն են կազմել պաղեստինցի փախստականները, գրոհել են սահմանային դիրքերը, ինչից հետո Իսրայելի զինվորականները կրակ են բացել:
Մի քանի շաբաթ առաջ նմանատիպ փորձ կատարվել էր, և իսրայելցիները կրկին կրակ էին բացել: Իսրայելի վարչապետը զգուշացրել է, որ նմանօրինակ ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով:








































