Միացյալ Թագավորությունը ցանկանում է ընդլայնել Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալը: Այս մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցին, թե ինչ է անում երկրի կառավարությունը Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը խթանելու, ինչպես նաև դեպի Հայաստան ներդրումներ խրախուսելու համար:
«Դա լրջագույն հարցերից է, որ ուզում ենք քննարկել այս այցի շրջանակում: Կան մի քանի մոտեցումներ: Նախ, ցանկանում ենք աշխատել Հայաստանի կառավարության հետ, որպեսզի այս երկիրը գրավիչ լինի առևտրի համար, քանի որ լավ բիզնես միջավայր ունենալու պարագայում են ներդրողները սկսում հետաքրքրվել և գալ տվյալ երկիր: Մի լավ քայլ կա, որ դուք փորձում եք անել: Դա Արդյունահանող ոլորտների թափանցիկության նախաձեռնությանը միանալու գործընթացն է, ակնկալում եք մյուս տարի արդեն իսկ միանալ: Սա աշխարհին ցույց է տալիս, որ հատկապես հանքարդյունաբերական ոլորտում դուք շատ բարձր չափանիշ եք ձևավորելու: Դա կլինի բարենպաստ»,-ասաց նա:
Պաշտոնյայի խոսքով՝ կա ցանկություն այլ ոլորտներում ևս համագործակցել Հայաստանի հետ և բիզնեսներ իրականացնել:
«Այդ իսկ պատճառով նշանակել ենք առևտրի ներկայացուցիչ, ով կգա և կուսումնասիրի այս ոլորտը և Հայաստանից տեղեկատվություն և գաղափարներ կտանի Միացյալ Թագավորություն, թե ինչպես կարելի է այստեղ ներդրումներ անել:
Հուսանք՝ երբ հաջորդ անգամ այցելեմ Հայաստան, առևտրաշրջանառության ծավալն ավելացած կլինի»,-եզրափակեց Ալեն Դանքնը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 26-28-ը Հայաստանում է գտնվում Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը։










































