Ազատական դպրոց ունենալու գաղափարը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետությունում. «Լուսավոր Հայաստան» կուսակցության Լիբերալ քաղաքական դպրոցի բացմանն այսօր այս մասին հայտարարեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին`շեշտելով, որ որպես դիվանագետ և քաղաքական ծառայող կփորձի հավասար մոտեցում պահպանել թե՛ կանաչների, թե՛ լիբերալների, թե՛ այլ քաղաքական ընտանիքների հետ:
Դեսպանը նշեց, թե քաղաքական դպրոցի բացումը կարևոր է երկու պատճառով. նախ, որովհետև ՀՀ-ն գտնվում է դեռևս չձևավորված քաղաքական կազմավորման գործընթացում: «Դա տևական ժամանակ է, ինչ ընթանում է։ Կարծում եմ` դեռ ավարտին չի հասել»,-ասաց Սվիտալսկին` նկատելով, որ ՀՀ-ն, անկասկած, կարիք ունի քաղաքական դեբատների մշակույթի, իսկ ընտրողները կարիք ունեն լայն ընտրության սպեկտորի: «Այդ առումով Լիբերալ քաղաքական դպրոցի պես կառույցները նման գաղափարի են ծառայում: Դրանք օգնում են կրթել և խորացնել քաղաքական դեբատների մշակույթը ՀՀ-ում»,-ասաց նա:









































