Հայաստանյան գրախանութներում վաճառքի են հանված Հայաստանի և Արցախի պատկերներով քարտեզներ, որոնցում Արցախի և Սյունիքի ազատագրված տարածքները ներառված են Ադրբեջանի կազմում:
Մինչ հայ հրատարակիչները Ադրբեջանին են «նվիրաբերում» մեր տարածքները, ադրբեջանցիներն իրենց քարտեզներում «յուրացնում» են ոչ միայն այսօրվա ԼՂՀ-ն, այլև հոծ գծով թվացյալ սլաք են անցկացնում ԼՂՀ-ից դեպի Նախիջևան՝ կիսելով Սյունիքը:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում ապազգային քարտեզների հրատարակիչներին պատասխանատու լինել, իսկ գրախանութների տնօրեններին՝ չնպաստել այդ խայտառակության տարածմանը:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կազմավորվել է հայ երիտասարդության շրջանում հանրահայտ «Արշավներ» հայրենաճանաչողական խմբի հենքի վրա: Այն կոչված է համախմբել հայ երիտասարդությանը՝ հայրենիքին պիտանի լինելու, Հայաստանի պատմությունն առանց խեղաթյուրումների ճանաչելու գաղափարների շուրջ:
«Ճանաչիր քո երկիրը» բացառապես երիտասարդների նախաձեռնությունն է, քաղաքականապես լիովին անկախ է և իր ապագա գործունեության ընթացքում չի պատրաստվում հարել որևէ քաղաքական ուժի:








































