ՀՃՊՀ ռեկտոր Արա Ավետիսյանը անհիմն է համարում իր համալսարանի մի շարք դասախոսների՝ վերջին շրջանում բարձրացրած բողոքի ալիքը, քանզի ինքն ունի թվաբանական հիմնավորում, որն ապացուցում է, որ աշխատավարձերի կրճատումն օրինական է:
Նա նաև նշեց, որ այդ ամենը պայմանավորված է ժամավճարների նոր հաշվարկով․ «Բուհի արդյունավետ կազմակերպման հարցը դարձել է ամենօրյա խնդիր, քանի որ ուղղակի պակաս կա միջոցների պարագայում, երբ բուհը պետք է իր առաքելությունը իրականացնի և պատրաստի որակյալ կադրեր, պետք է կարողանա լրջորեն հաշվել ամեն մի դրամի նպատակային, արդյունավետ ծախսը»,- ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր դասախոս պետք է վարձատրվի այնքան, որքան աշխատել է: Այդ իսկ պատճառով իրենք բարձրացրել են լսարանային, ցածրացրել արտալսարանային դասաժամերի վարձավճարները․ «Օրինակ՝ դասախոսն անցած տարի ուներ 720 ժամ, որից 320-ը ոչ լսարանային էր, 400-ը՝ լսարանային: Մենք բարձրացրել ենք լսարանայինը, ցածրացրել ոչ լսարանայինը, և հետևաբար՝ տվյալ դասախոսի աշխատավարձը չի պակասի: Իսկ եթե, օրինակ, դասախոսն ունի 500 ոչ լսարանային դաս, իսկ 250-ը՝ լսարանային, նրա աշխատավարձը կիջնի»:
ԵՊՃՀ ռեկտորը հավելեց, որ դասախոսական ժամերը պետք է ավելի բարձր արժենան, քան, օրինակ, կոնսուլտացիաները, իսկ գործնականները՝ ավելի շատ, քան, օրինակ, ստուգարքներ անցկացնելը, և այդ ամենից ելնելով՝ իրենք անցել են ժամավճարների նոր հաշվարկի:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































