Երևանի քաղաքապետարանի չինովնիկներից մեկը, որը պատասխանատու է մամուլի հետ հարաբերությունների համար, լրատվամիջոցներից մեկի լրագրողի հետ զրույցում «ուռոդ» է անվանել նրանց, ովքեր քննադատում են Երևանի տոնի համար կես միլիոն դոլար ծախսելու քայլը:
Ոչ ոք Երևանի տոնին դեմ չէ, սակայն երբ նույն Երևանում են տասնյակ հազարավոր չքավորներ, որոնք ունեն տարրական կենսապայմանների կարիք՝ մեղմ ասած տարրական կենսապայմանների և մեղմ ասած կարիք, ապա քաղաքի տոնին կես միլիոն դոլար ծախսելը որևէ կերպ չի կարող տեղավորվել տարրական մարդկային բարոյականության շրջանակներում: Եվ այս շրջանակներում կամ դրանցից դուրս էլ միանգամայն տրամաբանական է, որ միլիոնատեր քաղաքապետի չինովնիկների համար «ուռոդ» են այն մարդիկ, որոնք խոսում են խնայողությունների, միջոցները ավելի ռացիոնալ, սոցիալապես ավելի արդար բաշխելու մասին: Սոցիալական արդարությունն ու հասարակական համերաշխությունը այս մարդկանց համար հավասարազոր է «ուռոդության»: Սրանով թերևս ամեն ինչ ասված է: Կամ գրեթե ամեն ինչ, որովհետև ավելի խոսուն մի իրողություն էլ կա այս երևույթի տակ: Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, որը արծիվների ինչ-որ կազմակերպություն ունի, հայտարարել էր, որ Զարուհի Փոստանջյանին պետք է այրել խարույկի վրա՝ ինչպես Ռամիլ Սաֆարովին:
Զարուհի Փոստանջյանի հարցը իսկապես շատերին էր անտեղի թվացել, շատերը, այդ թվում՝ ընդդիմադիր հանրույթից, համարում էին, որ նա կարող էր ավելի կարևոր հարց տալ Սերժ Սարգսյանին, սակայն նույնիսկ իշխանությունների տարատեսակ խոսնակների մտքով չէր անցել նրան խարույկի վրա այրելու կոչեր անել: Դրանից հեռու չէ պարզապես ուտելու կոչը:
Այս հայտարարություններն անում են պետական պաշտոնյաներ: Սրանք այն պետության պաշտոնյաներն են, որի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը Եվրոպայի բարձր ամբիոններից մեկից հայտարարում է եվրոպական ուղուն հավատարիմ մնալու, եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու մասին:
Քաղաքապետարանի չինովնիկն ու սպորտի փոխնախարարը եվրոպական արժեքների իրեղեն ապացույցներն են: Սերժ Սարգսյանի պատկերացրած եվրոպական արժեքները երևի դրանք են՝ սոցիալական արդարության կոչերը «ուռոդություն» համարողները կամ անցանկալի հարց տվողներին խարույկի վրա այրել պահանջողները: Եթե Սերժ Սարգսյանին թվում է, որ այս ամենի պատասխանատուները ուղղակի հեղինակ չինովնիկներն են, ապա նա չարաչար սխալվում է: Եթե այդ չինովնիկներին որևէ մեկը դրանից հետո չի դրդում քաղաքական կամ իրավական պատասխանատվության, ապա պատասխանատվության ալիքը շատ արագ հասնում է իշխանական մեծամասնության, այդ չինովնիկների կուսակցության՝ ՀՀԿ-ի ղեկավարությանը և անձամբ Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը կա՛մ ինքը պետք է ներողություն խնդրի իր չինովնիկների փոխարեն, կա՛մ նրանցից պահանջի ներողություն խնդրել քաղաքացիներից, կամ էլ պարզապես հեռացնի այդ չինովնիկներին: Սերժ Սարգսյանն իհարկե չի անի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ո՛չ երրորդը: Նա կընտրի չորրորդ տարբերակը, ինչպես վարվում է գրեթե բոլոր մեծ կամ փոքր նշանակություն ունեցող դեպքերում՝ Սերժ Սարգսյանը կլռի, կմասնակցի Երևանի տոնին, հետո գուցե ինչ-որ առիթով Խաչիկ Ասրյանին կքաջալերի, իսկ հետո կգնա Եվրոպա և կհայտարարի, որ իրականում Հայաստանի չինովնիկները եվրոպական քաղաքակրթության կրող են, ուղղակի վշտից են նման արտահայտություններ անում, որ Եվրոպան չի համաձայնում Հայաստանի հետ ինչ-որ բան ստորագրել Վիլնյուսում:
Չի բացառվում, որ այդ ստորագրությունը կորզելու համար Հայաստանում չինովնիկներից մեկը նույնիսկ մարդ ուտի, որ հետո Եվրամիությանն ասեն, թե Հայաստանում մարդակերությունը կանխելու միակ ձևը Վիլնյուսում ինչ-որ բան ստորագրելն է:










































