2012-2013 թթ. Հայաստանում պալիատիվ՝ ամոքիչ օգնության ներդրման բնագավառում բեկումնային էին: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:
Նրա խոսքով՝ բժիշկը և բուժանձնակազմը պետք է տիրապետեն հիվանդին հոգեմետ միջոցներ նշանակելու հմտությանը: «Դրա համար կրթված և որակյալ անձնակազմ է պետք պատրաստել: Առողջապահության նախարարությունը մշտապես աշխատում է ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը, որպեսզի ցավային սինդրոմով հիվանդներին պատշաճ օգնություն տրամադրվի»,- ասաց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ Հայաստանում պալիատիվ օգնություն ցուցաբերող բժիշկներն այնքան էլ շատ չեն:
Սուրեն Քրմոյանի խոսքով, հաճախակի են դեպքերը, երբ բժիշկը հրաժարվում է հիվանդին թմրամիջոց նշանակել: «Մարդը, որ կյանքի վերջին շաբաթներն է ապրում, հարազատների հետ իր վերջին օրերը կարող է անցկացնել ոչ թե ցավերի մեջ, այլ հնարավորինս արժանապատիվ՝ շնորհիվ պալիատիվ օգնության: Հիվանդին այս ծառայությունները պետք է հասանելի լինեն: Ակնկալում ենք, որ հաջորդ տարի վերացված կլինեն թմրամիջոցների հասանելիության հետ կապված բոլոր խնդիրները: 2014 կամ ամենաուշը 2015 թվականին կունենանք պալիատիվ օգնությանը տրամադրվելիք առավել մեծ միջոցներ: Այս տարի աշխատելու ենք հիվանդներին տրամադրել մորֆինի դեղահաբեր, որոնք ավելի մատչելի են կիրառելիության մեջ և ներարկման հավելյալ ծախս չեն պահանջում»,- ասաց նա:
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ հիվանդներին մինչ այժմ հոգեմետ դեղեր և թմրանյութեր նշանակվել են միայն հիվանդանոցային պայմաններում բուժման ընթացքում կամ պոլիկլինիկաների հատուկ հանձնաժողովների որոշմամբ:
Ասուլիսի մյուս բանախոս, Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արա Տեր-Գրիգորյանն իր հերթին հույս հայտնեց, որ համապատասխան օրենքը հնարավորինս շուտ կընդունվի ԱԺ-ի կողմից: «Համապատասխան օրինագծի երկրորդ ընթերցումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մինչև տարեվերջ: Օրենքն արագորեն պետք է ընդունվի: Պետք է ստեղծվի մի հանձնախումբ, որը կզբաղվի այս հարցով: Իրականում, այս ոլորտում շատ անելիք կա: Միաժամանակ, ամբողջ աշխարհում պալիատիվ օգնություն տրամադրող կենտրոնները միայն բյուջեից չէ, որ ֆինանսավորվում են»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ պալիատիվ օգնությունը հումանիստական քայլ է՝ ուղղված հիվանդի՝ կյանքի արժանապատիվ ավարտին:











































