Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անցած շաբաթ Երևանի գլխավոր ճարտարապետին հանձնարարել է հանդիպում կազմակերպել մայրաքաղաքի հատկապես կենտրոնական հատվածներում առկա կիսակառույց շինությունների սեփականատերերի հետ, որի շրջանակում կքննարկվի այդ կիսակառույցների հետագա ճակատագիրը:
Երևանի քաղաքապետարանից հայտարարել են, որ «այլևս անթույլատրելի է հանդուրժել շուրջ մեկ տասնամյակ մասնավորապես մայրաքաղաքի կենտրոնում անավարտ շինհրապարակների առկայությունը»: Իսկ Տ. Մարգարյանն ընդգծել է, թե «անհրաժեշտ է սահմանել հստակ ժամանակացույց, համաձայն որի էլ դրանց հետ կապված վերջնական որոշումներ կկայացվեն»:
Տվյալ դեպքում խոսքը հավանաբար վերաբերում է հատկապես Երևանի կենտրոնում գտնվող այս 10 կիսակառույց շինություններին` «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ ԵրՃՇՊՀ-ին հարող տարածք (Տերյան փողոցի վերջնամաս)` 9951.64 քմ, նախկին Երիտասարդության պալատի տարածք, Սարալանջի 1, «Ավանգարդ մոթորս» ՍՊԸ` 3.0 հա, Գաֆեսճյան կենտրոն (Կասկադում), Կասկադի հետ միասին` 9.8 հա, Աբովյան 5/5 հասցեում («Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ)` 1857 քմ, «Սասնա Երկիր» ՍՊԸ, Հաղթանակ կամրջի մոտ գտնվող հողամասեր` 9000 քմ, «Վալենսիա» ՀՁ ՍՊ ընկերություն, Մարշալ Բաղրամյան պող. հ. 37 և հ. 39` 2750 քմ, «Դվին» հյուրանոց, Պարոնյան 40` 1.5 հա, Ավան` Աճառյան փողոցի մոտ, «Ալ Համռա Ռիել Իսթեյթ Դիվելոփմենթ ԼԼՍ» ընկերություն` 11 հա, կայարանամերձ հրապարակի մոտ` «Բիլդ» ՍՊԸ, 12487 քմ, և նախկին «Սևան» հյուրանոցի տարածք` «Կարուսել Իսթեբլիշմենթ» ընկերություն` 4000 քմ:
Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա սեպտեմբերին այն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարեց, թե այդ անավարտ մնացած խոշոր շինություններն աղճատում են մայրաքաղաքի տեսքը, և որ դրանց սեփականատերերին ծանուցվել է մեկ ամսվա ընթացքում ներկայանալ քաղաքապետարան` կիսակառույցներն ավարտին հասցնելու հետ կապված ծրագիրը ներկայացնելու ու պայմանագիր կնքելու համար: Հակառակ պարագայում, Ն. Սարգսյանի խոսքերով, այդ անավարտ շինություններն ու դրանց տարածքները կճանաչվեն հանրային գերակա շահ և ետ կվերցվեն սեփականատերերից: Այնուհետև այդ շինությունների սեփականատերերին ժամանակ տրվեց կառուցապատումը ավարտին հասցնելու հետ կապված պայմանագիր կնքել քաղաքապետարանի հետ: Կառուցապատողներն այդ պայմանը չկատարեցին, ժամանակը երկարաձգվեց, և ահա Ն. Սարգսյանի հայտարարությունից ավելի քան 1 տարի է անցել, ոչ այդ կիսակառույցներում շինարարություն է սկսվել, ոչ էլ դրանց տարածքները քաղաքապետարանի կողմից ճանաչել են հանրային գերակա շահ, իսկ այդ անավարտ շինությունները, նույնն է թե` դրանց սեփականատերերը շարունակում են աղճատել Երևանի կենտրոնը:
Նշենք, որ այդ կիսակառույցներից մեկը, որը գտնվում է Աբովյան 5/5 հասցեում պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Այդ տարածքում տարիներ առաջ բարձրահարկ շենքի շինարարություն է սկսվել, սակայն կառուցվել է ընդամենը մեկ-երկու հարկ ու այդպես անավարտ էլ թողնվել է: Մի քանի տարի է, ինչ Աբովյան փողոցի` «Մոսկվա» կինոթատրոնի և «Երևան» հյուրանոցի ուղիղ դիմացը գտնվող և անմիջապես մայթից սկսվող այդ շինհրապարակը տարիներ շարունակ պաստառապատվել ու թողնվել է այդ վիճակում: Եվ հայտնի էլ չէ, թե Գ. Ծառուկյանը երբ կբարեհաճի այն հասցնել ավարտին: Մայրաքաղաքի այդ հատվածը ոչ միայն երևանցիների սիրելի վայրերից մեկն է, այլև անընդհատ գտնվում է զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Եվ մեղմ է ասված, թե ԲՀԿ ղեկավարն իր այդ գործելաոճով կամ վերաբերմունքով աղճատել է Երևանի կենտրոնի տեսքը:
Գ. Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանն անցած տարվա նոյեմբերին մեզ հետ զրույցում ասել էր, թե Աբովյան 5/5-ում պետք է հյուրանոց կառուցվի հայտնի «Կեմպինսկի» ընկերության հետ միասին: Եվ դեռ այդ ընկերության հետ նախագծային աշխատանքները չեն ավարտել: Ս. Առուստամյանի խոսքերով` հենց այդ պատճառով են հետաձգվում նախագծային կամ կառուցապատման աշխատանքները: Նրա խոսքերից էլ մոտ 1 տարի է անցել, բայց այդ շինությունը վերը նշված 9 կիսակառույցների հետ միասին շարունակում է խաթարել Երևանի առանց այդ էլ բզկտված կենտրոնի տեսքը:
Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանը գարնանը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում քննադատելով քաղաքային իշխանություններին` հայտարարել էր, թե Երևանը միայն Աբովյան-Թումանյան խաչմերուկը չէ, որը բարեկարգում են, իսկ ծայրամասերը թողնում են անբարեկարգ վիճակում: Ինքը, սակայն, արդեն մի քանի տարի է, ինչ չի հիշում, որ այդ նույն խաչմերուկից ընդամենը մի քանի տասնյակ մետր այն կողմ իր փնթի կիսակառույցն աղճատում է Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակը:
Հիշեցնենք նաև, որ Գ. Ծառուկյանի մեկ այլ կիսակառույց աղճատում է Երևանի կենտրոնի մեկ այլ գեղեցիկ հատվածը: Աբովյան 5/5 հասցեից մի փոքր հեռու օղակաձև այգու` Խանջյան փողոցին հարող հատվածում էլ ԲՀԿ ղեկավարը տարիներ առաջ սկսել է կառուցել մի հսկա սպորտային համալիր ու կրկին թողել անավարտ: Այդ կառույցը նույնպես այժմ պաստառապատված է, և արդեն մի քանի տարի է, ինչ այնտեղ էլ շինարարությունը դադարեցված է: Տարբեր հրապարակումների համաձայն` այդ համալիրը կառուցելու համար բազմաթիվ հաստաբուն ծառեր են կտրել, որպեսզի շենքի համար տեղ ազատեն: Ս. Առուստամյանը անցած տարի տեղեկացրել էր նաև, որ այդ համալիրի կառուցապատումը կավարտեն 2013թ. առաջին կիսամյակում: Նշված ժամկետից ամիսներ են անցել, բայց այն դեռևս անավարտ է և այդ տարածքում շինարարություն չի իրականացվում:
Եվ հիմա դժվար է ասել, թե Երևանի քաղաքապետարանը դեռևս որքան ժամանակ պետք է տա Գ. Ծառուկյանին ու մյուս կիսակառույցների սեփականատերերին այդ շինություններն ավարտին հասցնելու համար: Դժվար է նաև ասել, թե այդ նույն նպատակով առաջիկայում քանի անգամ տարբեր ժամկետներ կսահմանվեն, և արդյոք Տ. Մարգարյանը համարձակություն կունենա ստիպել այդ սեփականատերերին ու հատկապես Գ. Ծառուկյանին ավարտին հասցնել իրենց շինությունները: Նաև հետաքրքիր կլինի իմանալ, թե արդյոք քաղաքային իշխանությունները համարձակություն կունենան այդ կիսակառույցները ճանաչել հանրային գերակա շահ:









































