Կոմպոզիտորների միության շուրջ բարձրացված աղմուկը շարունակվում է: Բացի միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին ուղղված 42 կոմպոզիտորների և երաժշտագետների՝ արտահերթ համագումար անցկացնելու դիմում-պահանջից, նրանք նշում էին, որ Ռոբերտ Ամիրխանյանը չարաշահել է իր լիազորությունները, որ նա լեգիտիմ նախագահ չէ, քանի որ 2009-ին ավարտվել են նրա լիազորությունները, և համագումար չի անցկացվել: Այժմ էլ 30 երիտասարդ կոմպոզիտորներ են հանդես եկել հայտարարությամբ՝ իրենց մտահոգությունը հայտնելով Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անհուսալի իրավիճակի կապակցությամբ:
Բացի այդ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության 5 անդամների՝ արտահերթ համագումարի պահանջը դատարանը որոշել է քննել հոկտեմբերի 31-ին, այսինքն՝ Ռոբերտ Ամիրխանյանի հայտարարած՝ համագումար անցկացնելու ժամկետից հետո: Ռոբերտ Ամիրխանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր, որ այն տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, և բոլոր հարցերը կարող են այդ ժամանակ հնչել ու քննարկվել:
Կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Սաթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ռոբերտ Ամիրխանյանն ամեն ինչ անում է, որպեսզի չանցկացվի արտահերթ համագումար: Կոմպոզիտորը նշեց, որ անկախ այն հանգամանքից՝ արտահերթ կլինի, թե ոչ, իրենք կմասնակցեն համագումարին:
Բացի այդ, նա նշեց, որ Ռոբերտ Ամիրխանյանը իր անօրինությունը դարձնում է օրինականություն:
Հարցին՝ ինչո՞ւ 42 կոմպոզիտորների պահանջին չեն միանում նաև մյուս կոմպոզիտորները, նա նշեց, որ նախ պետք է հասկանան խնդիրը: Այժմ՝ համագումարից առաջ, Ռոբերտ Ամիրխանյանը խոստումներ է տալիս շատերին. նա աշխատում է համագումարից համագումար:
Արամ Սաթյանը նշեց, որ իրենք իրենց ակտիվ գործունեությունը շարունակում են:
«Ռոբերտ Ամիրխանյաը իր մտածողությամբ ոչինչ չի կարող անել, և արդեն 22 տարի է՝ չի կարողանում որևէ բան ստեղծել և հիմա էլ չի կարող: Եթե 52 տարեկանում ոչ մի գործունեություն չծավալեց, 74-ում ի՞նչ կարող է անել»,- ասաց նա՝ հավելելով, որ Ռոբերտ Ամիրխանյանը իր աթոռի մասին է մտածում:
Արամ Սաթյանի խոսքով՝ անհրաժեշտ է միանգամայն նոր մտածողություն, նոր կառուցվածք:
Բացի այդ, շատ կոմպոզիտորներ այսօր լռում են, քանի որ Կոնսերվատորիայի տեսական բաժինը ղեկավարում է Ռոբերտ Ամիրխանյանը. նրանցից մեկը՝ դասաժամ, մյուսը կոչում է ուզում: Այսպես է մեկնաբանում Արամ Սաթյանը կոմպոզիտորների լռությունը:
«Կոմպոզիտորների միությունը հզոր կազմակերպություն է: Այն կարող է ամբողջ երկրում փոխել մթնոլորտը, բայց եթե Ռոբերտ Ամիրխանյանը պատգամավոր եղած տարիներին չկարողացավ որևէ բան անել, որևէ հարց բարձրացնել, հիմա հաստատ չի կարող»,- ասաց նա:
Նա նշեց, որ համագումարին իրենք անպայման մասնակցելու են. «Եթե ուզում ենք ինչ-որ բան լինի, պետք է աշխատենք, եթե չստիպեինք, դա էլ չէր լինի»,- ասաց Արամ Սաթյանը:










































