2011 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ արժեթղթերի շուկայում ներդրումային գործունեության շրջանակներում իրականացված արժեթղթերի առքուվաճառքի գործառնությունների ծավալը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 12%-ով՝ կազմելով 90.1 մլրդ դրամ: Այս մասին ասվում է 2011թ. առաջին եռամսյակի բանբերում։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված գործառնությունների ծավալը, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 94%-ով և կազմել 228 մլն դրամ: Բաժնետոմսերով առքուվաճառքի գործառնությունների ծավալը ավելացել է 59%-ով՝ կազմելով 3.2 մլրդ դրամ: Պետական պարտատոմսերով առքուվաճառքի գործառնությունների ծավալը, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 10%-ով և կազմել է 86.7 մլրդ դրամ:
2011 թ. առաջին եռամսյակի արդյունքներով, ՀՀ արժեթղթերի շուկայի շրջանառության մեջ գերակշռել են պետական պարտատոմսերով գործառնությունները, որոնց տեսակարար կշիռն ընդհանուր շրջանառության մեջ կազմել է 96.2%: Կորպորատիվ պարտատոմսերով և բաժնետոմսերով իրականացված գործառնությունների տեսակարար կշիռներն ընդհանուր շրջանառության մեջ կազմել են՝ համապատասխանաբար 0.3% և 3.5%: