Հայտնի հնդիկ յոգ, հնդկական հեռուստատեսությամբ յոգայի մասին հեռուստահաղորդում վարող Բաբա Ռամդևը շաբաթ օրը հայտարարել է, որ ամբողջությամբ և անժամկետ հրաժարվում է սննդից, որպեսզի փորձ անի համոզելու Հնդկաստանի կառավարությանն ընդունել իր հակակոռուպցիոն ծրագիրը:
Նա պահանջում է, որպեսզի երկիր վերադարձվեն, այսպես կոչված, «սև գումարները», ինչպես նաև մահապատիժ սահմանվի կոռուպցիայի մեջ մեղադրված պաշտոնյաների նկատմամբ:
Յոգայի մասնագետին այս քայլին են դրդել երկրում վերջին շրջանում մեկը մյուսին հետևող կոռուպցիոն սկանդալները, որոնք առնչվում են Հնդկաստանի կառավարական շրջանակներին: Դրանցից մեկի արդյունքում ձերբակալվեց Հնդկաստանի կապի նախարարը, որը հեռահաղորդակցության արտոնագրեր տրամադրելու համար մեծ գումարներ էր վերցրել:









































