ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբաման մերժել է հանրապետականների ծրագիրը, որը նախատեսում էր պետպարտքի խնդիրը լուծել 1.5 ամիս ժամկետում՝ հոկտեմբերի կեսին դեֆոլտից խուսափելու համար: Այս մասին հայտնում է New York Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ նախագահի նման որոշման պատճառն այն է, որ ծրագրով չի նախատեսվում վերսկսել պետական հաստատությունների ֆինանսավորումը:
Հինգշաբթի երեկոյան նախագահը Սպիտակ տանը հանդիպել է հանրապետականների պատվիրակության հետ, որը գլխավորել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոհները:
Կոնգրեսականներն առաջարկել են ֆինանսների նախարարությանն արտոնել փոխառնությունները մինչև նոյեմբերի 22-ը, իսկ այդ ընթացքում բանակցություններ անցկացնել դեֆիցիտի կրճատման և հարկերի վերանայման շուրջ: Ժամուկես տևած հանդիպումից հետո Բոհներն ու նրա գործընկերները մամուլի համար հայտարարություն չեն արել:
Թերթը նշում է, որ չնայած նախագահի մերժմանը, առաջարկն իրենից ներկայացնում է էական բեկում, քանի որ թույլ է տալիս վերսկսել բանակցությունները ապագա համաձայնագրի մանրամասների շուրջ:











































