Հոկտեմբերի 9-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի նկարիչների միության համատեղ կազմակերպած մրցանակաբաշխությանը ներկայացված կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը: Կայացավ նաև Նոր Հալեպ թաղամասի կառուցման նպատակով հայ նկարիչների նվիրաբերած նկարների ցուցահանդես-վաճառքի հանդիսավոր բացումը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, փոխնախագահներ Վլադիմիր Աղայանը և Արամ Սարգսյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունել է ցուցահանդեսին սփյուռքահայ նկարիչների մասնակցությունը: Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը համահայկական մրցանակաբաշխությունների կազմակերպման գործում արդյունավետ համագործակցության համար:
Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 300 ստեղծագործություն: Ցուցահանդեսի արդյունքների ամփոփման նպատակով ստեղծված հանձնաժողովը կորոշի լավագույններին: Սիրիահայերի համար Նոր Հալեպ թաղամասի կառուցման նպատակով հայ նկարիչների նվիրաբերած նկարների վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի այդ նպատակով ստեղծված ֆոնդին:
Ներկաները շրջել են ցուցասրահում, ծանոթացել են նկարիչների ստեղծագործություններին:







































