Սերբիայի հարցով Եվրոպական խորհրդարանի համազեկուցող Յելկո Կաչինը սերբական «Դանաս» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Սերբիայի նախագահի կողմից Կոսովոյի մասնակցությամբ բոլոր միջոցառումների բոյկոտումը «անիմաստ է»:
Կաչինը կոչ է արել սերբական իշխանություններին հասկանալ, որ բարիդրացիական հարաբերությունները Կոսովոյի հետ բխում են Սերբիայի շահերից: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Բորիս Թադիչը բոյկոտեց միանգամից երկու խոշոր հանդիպումներ: Դրանցից առաջինը Լեհաստանում կայացած Արևելյան Եվրոպայի երկրների հավաքն էր, որին մասնակցում էր նաև եվրոպական շրջագայության ժամանակ Վարշավայում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իսկ Մյուսը՝ Իտալիայի վերամիավորման 150-ամյակի տոնակատարություններն էին:
Երկու դեպքում էլ Սերբիայի իշխանությունները հայտարարել էին, որ իրենց համար անընդունելի է Կոսովոյի նախագահ Աթիֆեթ Յահյայայի ներկայությունն այդ միջոցառումներին:







































