«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ-ին տրված հարկային արտոնությունը կգործի ոչ թե օգոստոսի 1-ից, այլ հոկտեմբերի 30-ից: Ներդրումային ծրագրի շրջանակում 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը ընկերության համար կհետաձվի մինչև 3 տարով:
Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը իրականացնում է ձուլման արտադրամասի վերազինման աշխատանքներ` վերապրոֆիլավորելով այն ամրանների արտադրության կազմակերպման համար:
Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է ապրանքների ներմուծման և տեղադրման աշխատանքների գերակշիռ մասը: Ներկայումս ընկերության կողմից պետք է ներմուծվի վերջին խմբաքանակը` օդի բաժանման մեքենան, սակայն ներկայիս գործող որոշմամբ ներմուծումը հնարավոր է մինչև օգոստոսի 1-ը: Հարցը ներառված է կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում:









































