Եվրամիությունն Իտալիային կհատկացնի հավելյալ 30 միլիոն եվրո՝ փախստականների խնդիրը լուծելու նպատակով: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն իտալական Լամպեդուզա կղզի կատարած այցի ժամանակ, որտեղ հոկտեմբերի 3-ին նավի խորտակման հետևանքով զոհվել է շուրջ 300 աֆրիկացի ներգաղթյալ:
Նրա խոսքերով՝ Եվրահանձնաժողովն իր կողմից պետք է անի հնարավոր ամեն ինչ, իսկ Եվրոպան չի կարող անտարբեր մնալ: Բարոզուի կարծիքով՝ նման ողբերգություններից խուսափելու համար ԵՄ-ն պետք է ակտիվացնի օրինական ներգաղթի շեմի բարձրացման շուրջ բանակցությունները:
Նա նշել է, որ փախստականներին ընդունելու համար անհրաժեշտ է անդամ երկրների համաձայնությունը: Եվրահանձնաժողովի տվյալներով՝ անցած տարի Եվրոպա է ժամանել 322 հազար փախստական, որոնց հիմնականում ընդունել են Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան և Բելգիան:
Իտալիայի առաջարկով՝ փախստականների խնդիրը կլինի ամսվա վերջին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում:








































