Սիրիական բանակը կանխել է Լիբանանից Հոմս ներխուժելու գրոհայինների մեծ խմբի փորձը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Սիրիայի ՊՆ աղբյուրը, մի քանի տասնյակ զինված ահաբեկիչներ փորձել են հատել սահմանը լիբանանյան Արսալայից: Սիրիայի բանակը ականանետային և հրետանային հարձակման է ենթարկել նրանց՝ ստիպելով թաքնվել լիբանանյան տարածքում: Գրոհայինների շրջանում կան զոհեր և վիրավորներ:
Նախօրեին Հոմսը ենթարկվել է զանգվածային ականանետային հարձակման, որի հետևանքով Ալ-Վաիր շրջանում զոհվել են խաղաղ բնակիչներ:
Դաժան մարտերը շարունակվում են Հալեպի մի շարք շրջաններում: Իֆրին և Թամադա շրջաններում արկերի պայթյունի հետևանքով զոհվել է 7 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 20-ը:
Սիրիայի բանակը մարտեր է մղում նաև Դամասկոսի արվարձաններում՝ Քաբուն, Դումա, Զամալքա, Հարաստա, Դեյրժ Սալման, Ալ-Քասիմիա: Բանակը հաղորդել է, որ վերջին շրջանում ոչնչացվել է «Ջեբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման 15 գրոհային:









































