Այսօր Ադրբեջանում նախագահաան ընտրություններ են: Հիմնական պայքարը երկրի գործող թեկնածու Իլհամ Ալիևի և Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիի միջև է:
Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն ասաց, որ փորձագետների գնահատմամբ՝ Իլհամ Ալիևը հաղթելու է՝ 80-90 տոկոս ձայնով, քանի որ այս ընտրությունը ձեռնտու է բոլորին, այդ թվում՝ միջազգային ատյաններին:
Անդրադառնալով Ջամիլ Հասանլիին՝ նա ասաց, որ այս կերպարը շատ նման է Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և էպոսագետ Վարդան Սեդրակյանի կերպարներին. «Լինելով պատմաբան՝ այս թեկնածուն ուզում է պատմական իրադարձություններով խաղալ, միևնույն ժամանակ՝ ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը, ցանկանում է արևմտամետ ուժերի միջոցով խաղալ, և Լևոն Տեր-Պետրոսյանի նման՝ մարդկանց խոստացել է երկու տարվա ընթացքում լուծել բոլոր հարցերը և հեռանալ»:
Նրա հավաստմամբ՝ Ալիևը ձեռք է տալիս նաև Հայաստանին, որովհետև ինչքան շատ թալանի երկիրը, այնքան շատ կվախենա հասարակությունից և պատերազմ սկսելուց: Այնպիսի տպավորություն է՝ կարծես Ալիևը հասցրել է բոլորի հետ պայմանավորվել, դրսի ուժերը մարդկանց փողոց չեն հանում:
Բացի այդ՝ բանախոսն ասաց, որ այժմ Ադրբեջանում մեծ թափով արտագաղթ կա, նրանց մի ստվար զանգված՝ մոտ 2 մլն մարդ, արտագաղթել է Ռուսաստան և աշխատում է այնտեղ: Երկրի ներսում լուծված չեն փախստականների խնդիրները, նախագահը նրանց պահում է բարաքում, որպեսզի միջազգային հանրությունում այս հարցը անընդհատ բարձրացնի:
Տիգրան Քոչարյանի խոսքով՝ եթե բոլոր հայերը արտագաղթեն Հայաստանից, ապա մեկ-երկու տարվա ընթացքում Ադրբեջանը կփլուզվի. «Մենք այն արտաքին թշնամին ենք, որի շուրջ Ալիևը կարողանում է ժողովրդին համախմբել: Այլ բան նա ժողովրդին չի առաջարկում»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































