Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վրա համաներում չի տարածվի, հակառակը պնդում են նրանք, ովքեր թքած ունեն երկրի վրա: Այս մասին հայտարարել է Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն RaiNews24 հեռուստաալիքի եթերով:
«Նրանց գլխում միայն մեկ միտք կա, նրանք թքած ունեն խնդիրների վրա, որոնք առկա են երկրում»,- ընդգծել է նախագահը:
Ավելի վաղ Իտալիայի նախագահը հայտարարել էր, որ Իտալիայի բանտերում տիրող ներկայիս իրավիճակը, երբ ոտնահարվում են բանտարկյալների իրավունքները, «խայտառակում է երկիրը»: Նրա խոսքերով՝ առաջնային լուծման կարիք ունի բանտերի գերծանրաբեռնվածության խնդիրը: Այս կապակցությամբ Նապոլիտանոն չի բացառել նոր համաներում անցկացնելու հնարավորությունը:
Նախագահի այս հայտարարությունից հետո «Հինգ աստղ շարժման» ներկայացուցիչները հայտարարել էին, որ Բեռլուսկոնին ևս կհամաներվի:
Հիշեցնենք, որ Բեռլուսկոնիին բանտային ազատազրկում չի սպառնում պատկառելի տարիքի պատճառով: Նա տարվա ընթացքում պետք է ենթարկվի տնային կալանքի կամ զբաղվի հանրօգուտ աշխատանքով:








































