Կենտրոնական բանկի նախագահը մեկնել է ԱՄՆ, որտեղ մասնակցելու է Վաշինգտոնում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2013 թ. տարեկան ժողովին: Արթուր Ջավադյանը Միացյալ նահանգներում կլինի հոկտեմբերի 8-12-ը:
ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:
Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդի, ԱՄՀ դրամավարկային և կապիտալ շուկաների դեպարտամենտի տնօրեն Կառլոս Մեդեյրոսի, ԱՄՀ/ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների մասով գործադիր տնօրենների, ինչպես նաև մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:
Արթուր Ջավադյանի այցի ընթացքում նախատեսված է հանդիպում սերտիֆիկացման ոլորտում մասնագիտացած «Բյուրո Վերիտաս» կազմակերպության հետ՝ երկկողմ գործակցության վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից:










































