Սիրիայում կառավարական բանակը վերահսկողության տակ է վերցրել մայրաքաղաք Դամասկոսը հյուսիսային Հալեպ քաղաքին կապող ճանապարհը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով պետական ԶԼՄ-ներին և ընդդիմադիր ակտիվիստներին:
Ընդդիմադիր գրոհայինները Հալեպի գրոհը սկսել էին 15 ամիս առաջ, և մինչ օրս պայքարը Սիրիայի խոշորագույն քաղաքի համար չէր դադարել:
«Այդ ճանապարհի վերահսկողությունը կյանքի ու մահվան հարց է, որը կվճռի Հալեպում ռեժիմի և բնակիչների ապագան: Դա կարևոր է, քանի որ այժմ իշխանությունները կարող են ընդլայնել մատակարարումները Հալեպ»,- նշել է Լոնդոնում գտնվող Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնի տնօրեն Ռամի Աբդուլ-Ռահմանը:








































