Բյուջետային ճգնաժամը դեմոկրատներին կարող է օգնել մեծամասնություն ստանալ ԱՄՆ Կոնգրեսում: Սոցիոլոգների տվյալներով՝ առաջիկա ընտրություններին հանրապետականները ենթարկված են ստորին պալատի նկատմամբ վերահսկողությունը դեմոկրատներին զիջելու ռիսկին: Չնայած դրան՝ նախագահ Բարաք Օբամայի հակառակորդները չեն պատրաստվում զիջումների գնալ. նրանք ծրագրում են կիրառել պետպարտքի վերին թույլատրելի շեմի բարձրացման մասին առաջիկա դեբատները՝ Սպիտակ տան վրա ճնշումն ուժեղացնելու համար: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Դաշնային կառավարության աշխատանքի դադարեցման մասին հայտարարությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում ստորին պալատի վարկանիշի զգալի անկում է գրանցվել:
Հարցումների համաձայն՝ այսօր Կոնգրեսի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների միայն 10 տոկոսը: Public Policy Polling հետազոտական կենտրոնի տվյալներով՝ առաջիկա ընտրություններին հանրապետականները կարող են պարտվել 24 շրջաններում՝ կորցնելով ընտրությունների ելքի համար առանցքային նշանակություն ունեցող նահանգների՝ Օհայոյի, Ֆլորիդայի և Այովայի ընտրողների աջակցությունը: Ստորին պալատի նկատմամբ վերահսկողության համար դեմոկրատներին պետք է հավելյալ 17 տեղ:
«Հարցվածների ճնշող մեծամասնությունը բյուջետային ճգնաժամում մեղադրում է հանրապետականներին և անթույլատրելի համարում իշխանության դաշնային մարմինների աշխատանքի դադարեցումը»,- ասել է Public Policy Polling-ի ներկայացուցիչ Ջիմ Ուիլյամսը:









































