Երեկ մենք տեղեկացրել էինք, որ Եմենի նախագահական նստավայրի մզկիթի ռմբակոծության ժամանակ վիրավորվել էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը: Ողջ երեկո տարբեր իրարամերժ տեղեկություններ էին տարածվում, ոմանք պնդում էին, թե նախագահը զոհվել է: Պաշտոնյաները և իշխող կուսակցության ներկայացուցիչներն էլ հայտարարում էին, որ Ալի Աբդալլահ Սալեհը շուտով հանդես է գալու մամուլի ասուլիսով:
Նախագահ Սալեհը խոսեց, բայց միայն հեռուստատեսությամբ, ընդ որում՝ հեռարձակվեց միայն նրա ձայնը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Մամուլի ասուլիսից հրաժարումը բացատրվեց Սալեհի դեմքին առկա քերծվածքներով:
Սալեհն իր վրա հարձակման մեջ մեղադրվեց երկրի ամենամեծ ցեղի առաջնորդ շեյխ Սադիկ Ալ-Ահմարին, որի կողմնակիցների հետ մայրաքաղաք Սանա’աում արդեն երկու շաբաթ է մարտեր են մղում Սալեհին հավատարիմ հատուկ ծառայությունների և բանակի ստորաբաժանումները: Սալեհը հեռարձակված ելույթում նշել է, որ զոհվել են իր թիկնազորի յոթ անդամներ:
Հաշիդ ցեղի առաջնորդ շեյխ Սադիկ Ալ-Ահմարը հերքել է տեղի ունեցածի հետ իր կողմնակիցների կապը: Նրա կարծիքով՝ նախագահն ինքն է կազմակերպել իր պալատի ռմբակոծությունը, որպեսզի ավելի լարի իրավիճակը և մեծացնի ճնշումը Եմենի ընդդիմության վրա:








































