Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներն այսօր կենթարկվի վիրահատության՝ կհեռացնեն ներգանգային հեմատոման: Այն գոյացել է վնասվածքի հետևանքով:
Պետության ղեկավարը գանգատվել է ուժեղ գլխացավերից: Բժիշկները հետազոտել էին նրան և տուն ուղարկել՝ խորհուրդ տալով լիարժեք հանգիստ: Սակայն հոկտեմբերի 7-ին Քրիստինա Քիրշներին կրկին կլինիկա են տեղափոխել ձախ ձեռքում թուլության նշաններով: Վիրահատությունը տեղի կունենա առավոտյան, վերականգնման գործընթացը կարող է տևել 90 օր:
Արգենտինայի Սահմանադրության համաձայն՝ հիվանդության ժամանակ երկիրը կղեկավարի փոխնախագահը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Մինչ խորհրդարանական ընտրությունները երկրում մնացել է 3 շաբաթից քիչ ժամանակ: Ամենայն հավանականությամբ, Քիրշները չի կարողանա ակտիվորեն մասնակցել նախընտրական արշավին, ինչը ձեռնտու է ընդդիմությանը, որն ակնկալում է ազգային կոնգրեսում փոխել ուժերի դասավորվածությունը հօգուտ իրեն:









































