Քաղաքական ուժերից ոչ մեկը կոնկրետ քայլեր չի ներկայացրել, թե խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը միավորվելով, ինչպես թույլ չեն տալու, որպեսզի Սերժ Սարգսյանը 2018թ-ին դառնա վարչապետ: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» անդամների հայտարարություններին, թե ամեն ինչ անելու են, որպեսզի Սերժ Սարգսյանը չլինի 2018-ի վարչապետը:
«Ես երեկ դիտեցի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթն այդ խնդրով Արցախում, որտեղ ինքն ասում է, որ նման առաջարկ չի էլ արել, տեսակետ է հայտնել և շատ բնական է համարում, որ այն լուրջ քննարկման չի դրվել: Հանրապետականը հստակ պատասխան է տալիս, ասում են, որ հանրությունն իրենց 70 տոկոս քվե տալով այդ իրավունքը Սահմանադրությամբ վերապահել է իրենց, և իրենք են որոշելու՝ ով կդառնա վարչապետ, ու եթե որոշեն, որ Սերժ Սարգսյանն է դառնալու, Սերժ Սարգսյանն էլ կդառնա»,- շեշտեց նա :
Անդրադառնալով հարցին, թե «Ելք»-ը կոնկերտ ինչ է անելու, քննարկվում է վարչապետի սեփական թեկնածու ունենալու հարցը, Արամ Սարգսյանը ասաց.
«Մենք կանխատեսում ենք, նախազգում ենք, հավանական ենք համարում, որ Սերժ Սարգսյանը 2018-ին կփորձի դառնալ վարչապետ, համենայնդեպս, ինքը հակառակը չի պնդում, բայց մինչ այս պահը Սերժ Սարգսյանը չի էլ ասել, որ ինքն է դառնալու: Մենք 3 կուսակցությունների միավորում ենք, մեզ բավականին լուրջ քաղաքական ուժ ենք համարում և այն քվեն, որը տրվել է մեզ՝ ամեն ինչ անելու ենք, որ այդ մարդկանց հուսախափ չանենք: Հետևաբար մենք չենք կարող ուղղակի բաներ ասենք: Նման մոտեցմանը վերաբերվում ենք չափազանց բացասաբար: Այդ խնդիրը բարձրաձայնել եմ նաև ԱՀ խորհրդարանում, դա տարածելով նաև Բակո Սահակյանի վրա»:
Արամ Սարգսյանի դիտարկմամբ՝ իշխանության վերարտադրությունը լուրջ վնասներ է հասցնելու ՀՀ անկախությանը, ժողովրդավարությանը:
«Նույնիսկ իրեն միակ տղամարդ, անփոխարինելի համարող Ռոբերտ Քոչարյանը, երբ խնդիրը հասավ 3-րդ անգամ գնալուն, հասկացավ, որ էդ չի կարելի, որ դա բացի հուսալքության խնդիրներից՝ Ղարաբաղի հիմնահարցի լուծման առումով լուրջ վտանգներ է պարունակում: Ես ուզում եմ մտածել, որ Սերժ Սարգսյանը, լինելով ՀՀ ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկը, լուրջ հետևություններ կանի: Ժամանակագրական առումով էսօր իրենից ավելի շատ իշխանության մեջ եղած, կառավարության, ԱԽ նիստերին Ղարաբաղի հարցերով լսումներին, բանակցություններին մասնակցած մարդ չկա, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:







































