Եթե «Ժառանգություն» խմբակության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շարունակի մնալ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության կազմում, նա այդպիսով երկրորդ անգամ անհարմար վիճակի մեջ կդնի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Ինչպես հայտնի է, Հ. Աբրահամյանը որոշել է հեռացնել Զ. Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից խաղատանը 70 մլն դոլար տանուլ տալու մասին Ստրասբուրգում Սերժ Սարգսյանին հարց ուղղելու պատճառով: Անցած հինգշաբթի օրը ԱԺ նիստի ժամանակ Հ. Աբրահամյանը հայտարարեց, որ խորհրդակցել է խորհրդարանի խմբակցությունների հետ և որոշել է փոխել ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության կազմը: Բնականաբար, այդ լուրը հանգիստ չէր կարող լսել Զ. Փոստանջյանը և ԵԽԽՎ-ում ներկայացրել է Հայաստանում իր շուրը ծավալվող իրադարձություններն ու հայտարարել, թե Հ. Աբրահամյանը չի կարող իրեն հանել պատվիրակության կազմից:
«Երբ Հովիկ Աբրահամյանի կողմից այս գործընթացին վերաբերող պաշտոնական քայլ արվի, այդպիսի քայլ կարվի նաև ԵԽԽՎ-ի կողմից: Բայց իմ անդամությունը չի կարող կասեցվել ո՛չ Հովիկ Աբրահամյանի, ո՛չ էլ մեկ այլ անձի կողմից»,- արդեն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նա:
Եթե առաջին օրերին քաղաքական շրջանակներում ու մամուլում քննարկվում էր տեսակետ, թե արդյոք կոռե՞կտ էր արդյոք Զ. Փոստանջյանի հարցը, ապա հիմա առաջին պլանում է այն հարցը, թե ինչպես «Ժառանգության» պատգամավորը երկրորդ անգամ «կոտրեց» Հովիկ Աբրահամյանին:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահն առաջին անգամ Զարուհի Փոստանջյանին ցանկացել է հեռացնել պատվիրակության կազմից 2009թ. ԵԽԽՎ ամառային նստաշրջանից հետո: Այդ ժամանակ էլ Ստրասբուրգում քննարկվում էր Հայաստանի հարցը, ու պետք է բանաձև ընդունվեր: Փոստանջյանն առաջարկել էր բանաձևում ամրագրել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված մի քանի պահանջներ, համաձայն որոնց՝ ՀՀ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն այդ դեպքերի առնչությամբ ազատազրկվածներին ազատ արձակելու ուղղությամբ, վերստեղծեն փաստահավաք խումբ` ներգրավելով նաև միջազգային փորձագետների, պարտավորեցնել ՀՀ հարցով ԵԽԽՎ համազեկուցողներին մինչև հաջորդ ձմեռային նստաշրջան նոր զեկույց պատրաստել մեր երկրի մասին: Փոստանջյանի այս քայլի ինտրիգն այն էր, որ եվրոպացի պատգամավորների հետ այդ առաջարկության տակ ստորագրել էին նաև Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակության անդամներ Գյուլթեքին Հաջիբեյլին և Էրոլ Ասլան Չեբեչին: Փոստանջյանի այդ քայլն իշխանություններն այդ ժամանակ անվանեցին դավաճանություն:
Այն ժամանակ ևս Հ. Աբրահամյանը փորձեց Զ. Փոստանջյանին հեռացնել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից, բայց «Ժառանգության» պատգամավորին իր պաշտպանության տակ վերցրեց Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը: ԱԺ նախագահն ի վերջո ընկրկեց, և Զ. Փոստանջյանը մնաց պատվիրակության կազմում: Այն ժամանակ էլ տեսակետներ էին հնչում, համաձայն որոնց՝ եթե Զ. Փոստանջյանին իսկապես հեռացնեն պատվիրակության կազմից, ապա դա ՀՀ իշխանությունների համար լրացուցիչ գլխացավանքի պատճառ կարող էր դառնալ:
Նույն իրավիճակն է նաև հիմա, պարզապես այս անգամ Փոստանջյանն իր հարցով վիրավորել է Ս. Սարգսյանին ու ողջ ՀՀԿ-ին: Բացի այդ, այս անգամ Փոստանջյանին իր հարց տալու իրավունքը զիջել է ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը՝ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի ցուցումով: Ու քանի որ այս երկուսը համարվում են Հ. Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող պատգամավորներ, ԱԺ նախագահն իրավացիորեն իր մեղքի բաժինն է զգացել ու անմիջապես ձեռնարկել է Փոստանջյանին պատվիրակությունից հեռացնելու քայլը:
Այդ քայլն անելիս Հ. Աբրահամյանը հավանաբար մոռացել էր իր ու Փոստանջյանի հետ կապված 2009թ. նախադեպը և հիմա կրկին հայտնվել է անհարմար վիճակում: Մի կողմից՝ նա պետք է ինչ-որ բան անի, որպեսզի որպես ԱԺ նախագահ իր խոսքի տերը լինի ու իրեն կին պատգամավորի կողմից «կոտրված» չզգա, մյուս կողմից՝ Փոստանջյանին չի կարող հեռացնել պատվիրակության կազմից, քանի որ իր այդ քայլը, ինչպես «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն է ասում, կարող է օգտագործվել Հայաստանի դեմ: Եվ ահա քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ Հ. Աբրահամյանի համար բացառիկ անհարմար իրավիճակ է ստեղծվել, ԱԺ նախագահը հայտնվել է անհարմար երկընտրանքի մեջ՝ գնա՞լ պահի ազդեցության տակ արված իր զգացմունքային հայտարարության հետևից ուՓոստանջյանին հեռացնել ԵԽԽՎ պատվիրակության կազմից, թե՞ աչք փակել իր հայտարարության և Փոստանջյանի հարցի վրա ու դառնալ կնոջ կողմից պարտված պաշտոնյա:
Համենայնդեպս, Հ. Աբրահամյանն այսօր գտնվում է Շվեյցարիայում և դեռ պաշտոնապես չի դիմել «Ժառանգություն» խմբակցությանը՝ ներկայացնելու նոր թեկնածու: Այնպես որ՝ քաղաքական գործիչ լինելու համար էլ է խելք պետք:








































