Սոչիում կայանալիք Օլիմպիադայի բոլոր հյուրերին խորհուրդ է տրվում տանը թողնել սմարթֆոններն ու նոթբուքերը՝ գաղտնալսումից խուսափելու համար՝ գրում է The Telegraph-ը:
Թերթը հղում է անում ռուս լրագրողներ Անդրեյ Սոլդատովի և Իրինա Բորոգանի (Agentura.ru նախագծի հիմնադիրներ) հետազոտությանը, որոնք մասնագիտացած են հատուկ ծառայությունների գործունեության լուսաբանման մեջ: Ինչպես The Telegraph-ին պատմել է Սոլդատովը, Օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգության ապահովման միջոցառումները կներառեն խոսակցությունների ընդարձակ գաղտնալսում և հեռուստադիտողների ու մասնակիցների համացանցային ակտիվության հսկում:
Կազմակերպիչները Օլիմպիական խաղերի ողջ տարածքն ապահովել են 4G ցանցով ու անվճար Wi-Fi-ով, ինչը Սոլդատովի կարծիքով՝ հատուկ ծառայություններին թույլ կտա ունենալ հաղորդակցությունների նկատմամբ լիարժեք և անարգել հասանելիություն:
Հայտնի է նաև, որ Անվտանգության դաշնային ծառայությունը երկու անօդաչու սարք է ձեռք բերել քաղաքում վերահսկողության համար, ինչպես նաև Սոչիում տեղակայել տեսահսկման ընդարձակ ցանց:
Ավելի վաղ Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչ Ալեքսեյ Լավրիշչևը լրագրողներին հայտնել էր, որ անվտանգությունը կլինի «աննշան»՝ Լոնդոնի Օլիմպիադայի համեմատ:









































