Հայաստանին անմիջականորեն առնչվող և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, տեղեկատվական հոսքերը ընթանում են բավականին մեծ արագությամբ: Դրանցում մեկը մյուսի հետևից արտահայտվում են Հայաստանին սպասվող ռիսկերը, մարտահրավերները, մյուս կողմից՝ դրանք առիթ են տալիս խոսելու նաև Հայաստանի նոր հնարավորությունների մասին, որոնք առաջանում են մարտահրավերներին ադեկվատ արձագանքի դեպքում:
Այդ ամենի վերաբերյալ թե՛ փորձագիտական հանրությունը, թե՛ քաղաքական դաշտի ներկայացուցիչները, թե՛ լրատվամիջոցները արտահայտում են կարծիքներ, մեկնաբանություններ և միաժամանակ նաև հնչեցնում իշխանության այս կամ այն անելիքի մասին խորհուրդ, հորդոր կամ կոչ, թե այս պետք է անել Ղարաբաղյան խնդրում, այն պետք է անել Ադրբեջանի ագրեսիան զսպելու հարցում, այսպես պետք է խոսել Ռուսաստանի հետ, ընդառաջ գնալ ԱՄՆ այս առաջարկին կամ գաղափարին, Մոսկվայի կոչով չմեկնել Սիրիա՝ ականազերծման և այլն, և այլն:
Ահա այս ամենի բովում մենք, այսինքն՝ հասարակությունը մոռանում է մի պարզ բան՝ այդ ամենն անող պետություն կամ անելու ունակ պետություն լինելու համար հարկավոր է տնտեսություն: Հետևաբար, որպեսզի հասկանանք, թե Հայաստանն իրեն ինչ կարող է թույլ տալ արտաքին քաղաքականության և անվտանգության այս կամ այն հարցի հետ կապված, մենք պետք է նախ արձանագրենք, թե Հայաստանն ինչպիսի տնտեսություն ունի, տնտեսական ինչպիսի միտումներ, ինչ սպասումներ, ինչ տնտեսական քաղաքականություն: Վերջին հաշվով, հենց տնտեսական կարողություններն են ձևավորում պետությունների միջազգային սուբյեկտության կշիռը, ինքնիշխանության ներուժը, հեռանկարները: Եթե որևէ պետություն չունի տնտեսական բարձր ադյունավետություն, այն չի կարող հավակնել աշխարհաքաղաքական բարձր դերակատարման և արժանապատվության:
Միևնույն ժամանակ, նաև տնտեսական կարողությունների ու տնտեսական կյանքի բնույթից է կախած, թե որքանով են այդ հնարավորություններն ու արժանապատվությունը պաշտպանված ու երկարաժամկետ: Օրինակ՝ երբ պետության աշարհաքաղաքական կշիռը պայմանավորված է լինում նավթի ու գազի տևական բարձր գնով, ինչպես մեր ռազմավարական դաշնակից համարվող կամ անվանվող Ռուսաստանի դեպքում, ապա բավական է նավթի ու գազի գնանկում, և այդ պետությունն ունենում է տնտեսական լուրջ խնդիրներ, հետևաբար նաև խնդիրներ քաղաքական առումով: Եվ բավական է, որպեսզի մի որևէ պետության տնտեսություն ամբողջապես կամ գերակշիռ մասով կապված լինի նավթի ու գազի բարձր գնից կախված պետությունից ստացվող տրանսֆերտների քանակի հետ, որպեսզի նավթի ու գազի գնանկումը լուրջ խնդիրներ բերի այդ երկրում: Այսինքն՝ դա մի օրինակ էր, թե ինչպես են շաղկապված քաղաքականությունն ու տնտեսությունը, և ինչպես են շաղկապված տնտեսական գործընթացները:
Ըստ այդմ, շատ կարևոր է ոչ միայն տնտեսական ծավալը, այլ նաև տնտեսության որակը, թե ինչպես է գոյանում ծավալը, ինչի հաշվին: Հայաստանի տնտեսությունն այսօր թե՛ ծավալ չունի, թե՛ չունի որակ: Բայց հանրային ուշադրության թիվ մեկ առարկան ամենևին դա չէ, այլ հարցեր, որոնք գործնականում ուղղակի կամ անուղղակի կախված են հենց տնտեսության ծավալից և որակից: Եթե, օրինակ, չկա այդ երկու բաղադրիչը, ապա Հայաստանը չի կարող Ռուսաստանի հետ խոսել ինքնիշխանության դիրքերից և կայացնել որոշումներ, որոնք բխում են իր շահից, ոչ թե «դաշնակցի»: Եթե չկան ծավալն ու որակը, հայկական դիվանագիտությունը որևէ կերպ չի կարող մրցակցել ադրբեջանական միլիոնների հետ, որոնք պտտվում են աշխարհով մեկ և փորձում ձևավորել ադրբեջանական ինչ-որ նոր իմիջ: Եթե չլինեն ծավալն ու որակը, Հայաստանը շարունակելու է Ռուսաստանից սպառազինություն գնել վարկով, և որքան, այսպես ասած, պաշտպանված թվալ Ադրբեջանի հանդեպ, այնքան ավելի անպաշտպան դառնալ Ռուսաստանի առաջ:
Ըստ այդմ, ինչպիսի հարցեր էլ որ կազմեն ընթացիկ լրահոսի և օրակարգի հիթ-շքերթի առաջատար եռյակը կամ քառյակը, ինչպիսի լուրեր էլ որ «ցնցեն համացանցը», միևնույն է՝ այդ ամենի շուրջ հանրային աժիոտաժը բացարձակապես իզուր է, եթե մինչ այդ այն չի կուտակվում տնտեսական խնդիրների, տնտեսական քաղաքականության ընթացքի շուրջ, չի դառնում դրա վերաբերյալ բանավեճերի առարկա:
Այստեղով է անցնում պետական կարողությունների և հեռանկարների սահմանը, այստեղով է անցնում Հայաստանի երկարաժամկետ կյանքի գիծը, և հետևաբար հենց այստեղ պետք է կենտրոնանան հանրային աչքն ու ականջը՝ մշտապես, անընդհատ բարձրացնելով հասարակական պահանջների նշաձողը կառավարությունից և խորհրդարանից: Որովհետև եթե Հայաստանն ինչ-որ բան ճիշտ չի անում անվտանգության ոլորտում, ինչ-որ բան բաց է թողնում արտաքին քաղաքականությունում, ինչ-որ բան այնպես չի արտահայտում Ռուսաստանի հետ հարաբերություններում, անտեսում է Արևմուտքի և Իրանի քաղաքական ազդակները, ապա այդ բոլորի համեմատությամբ տնտեսական ասպարեզում Հայաստանը պարզապես ոչ համարժեքության ռեկորդակիր է:
Դրա մասին է վկայում այն, որ Հայաստանի տնտեսական կյանքում գործնականում տեղի չի ունենում որևէ նշանավոր բան, որը զուտ ընթացիկ լրատվական ալիքի վրա կարող է մրցակցել, այսպես ասած, ուշադրություն գրավող այլ տեղեկատվության հետ:







































